ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑՈՒՑԱԿԻ ՀԱՐՑՈՎ
Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի կենտրոնական գրասենյակի եւ տարածքային կառույցների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման խնդիրը:

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Ինչպես  օրեր առաջ տեղեկացրել էինք, Վարդան Օսկանյանը հրաժարական է տվել իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդից: Իր այս քայլը նա պայմանավորել է  քաղաքացիական պատասխանատվությունից քաղաքական պատասխանատվություն անցմամբ. «Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե՛ որպես կառավարության անդամ, թե՛ երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում»:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԵՄ Է
ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կազմման շրջանակներում ճարտարապետների, հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ քննարկել է Երեւանի ճարտարապետական եւ քաղաքաշինական խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու, եւ դրանք տեղափոխելու են: Առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը` Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնելու համար: «Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաեւ կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի: Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ եւ ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երեւանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր, եւ ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն»,-ասել է վարչապետը:

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Henaran.am-ի տեղեկություններով` Հայ ազգային կոնգրեսում այս օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել մեծամասնական ընտրակարգով հանրապետության տարբեր ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը:
ՀԱԿ անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին առաջ տանել: Սակայն ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորել է համբերել մինչեւ մարտի 1-ը: Այդ օրը` հանրահավաքից հետո, մարզերից ժամանած պատվիրակությունների հետ ճշտվելու է թեկնածուների ցանկը:

ՈՐՈՇՎԱԾ ՉԷ
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Henaran.am-ին ասել է, որ ՀՀԿ-ն արդեն որոշել է, թե մարզի 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներից ում է պաշտպանելու: Թիվ 16 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մասիսի տարածաշրջանը, առաջադրվելու է բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը: Թիվ 18 ընտրատարածքում` ընդգրկում է Արարատ, Վեդի քաղաքներն ու մի քանի գյուղ,  առաջադրվելու է Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, ով, ըստ մամուլի հրապարակումների, դուրս է գալու ՀՅԴ-ից  եւ  դառնալու է ՀՀԿ-ական: Ինչ վերաբերում է Արտաշատ քաղաքն  ընդգրկող թիվ 17 ընտրատարածքին, ապա այստեղ ՀՀԿ-ի թեկնածուն որոշված չէ: Այստեղից պատգամավոր է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:
«Համագումարից հետո` մինչեւ մարտի 12-ը, կարծում եմ` պարզ կլինի այդ թեկնածուի անունը, չնայած մոտավոր ես գիտեմ»,-ասել է Արարատի մարզպետը:




Լրահոս