Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի առեղծվածային մահը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին Մեղրիի անցակետում լարված իրավիճակ է եղել: Տեղի բնակիչները փորձել են Արաքս գետում փնտրել Ագարակ քաղաքի բնակիչ Ջենիկ Խաչատրյանի դին, սակայն իրանական կողմի սահմանապահները չեն ընդառաջել բնակիչների խնդրանքին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին, Ագարակ քաղաքի բնակիչները  ժամեր շարունակ Արաքս գետում իրենց հարազատի դին են փնտրել: Ըստ հավաքվածների՝ գետում խեղդված տղամարդն Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Ջենիկ Խաչատրյանն է եղել, ով Էլեկտրական հոսանքի օգնությամբ ձուկ է որսացել եւ հոսանքահարվելով ընկել է գետը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մահացածի հարազատները ժամեր շարունակ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահների հետ բանակցություններ են վարել Ջենիկ Խաչատրյանի դին համատեղ փնտրելու համար, սակայն սահմանապահների կողմից որոշ դժգոհություններ են եղել եւ նրանք այնքան էլ բարյացակամ չեն եղել հարազատների խնդրանքների նկատմամբ:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Ջենիկ Խաչատրյանի հարազատ եղբոր՝ Դենիկ Խաչատրյանի հետ, ով Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի վարորդն է: Նրա պատմածով, իր եղբայրը շուրջ 20 տարի է, ինչ աշխատում էր կոմբինատում. «Աշխատում էր որպես ջրի պոմպավար: Առավոտյան ժամը 8-ին գնացել է աշխատանքի: Մի փոքր ուշ, գլխավոր էներգետիկին տեղյակ է պահել, թե գնում է ջրին ճնշում տալու, չանհանգստացնեն իրեն մինչեւ ինքը հետ կգա: Մոտավորապես ժամը 9-ին զանգահարել են իրեն ասելու, թե պոմպն անջատի, նա չի պատասխանել զանգերին: Արդեն ժամը 10:20-ի կողմերը զանգահարել են ինձ եւ տեղյակ պահել, որ նման բան է եղել: Երբ գնացել եմ դեպքի վայր, տեսել եմ հոսանքալարեր կան գետնին ընկած, խառնաշփոթ իրավիճակ էր»։

Ի դեպ, ինչպես պարզեցինք մեր զրուցակցից, սահմանապահները նրան հայտնել են, որ կոմբինատի նշված հատվածում առանց անցաթղթի ոչ ոք չի կարող մուտք գործել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս