Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանին հարց ուղղեց Սպառողների իրավունքների պաշտպան Աշոտ Սարգսյանը: Նա ցանկանում էր իմանալ, թե ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը տարածաշրջանում ամենաթանկը և ինչու են ՀԷՑ-ում աշխատավարձերն այդքան բարձր:
Գ.Բաղրամյանը հայտարարեց, որ տարածաշրջանի ամենաթանկ սակագինը ՀՀ-ում չէ, օրինակ, երբ ՀՀ-ում 38.5 դրամ է 1կվտ/ժամը, ապա Վրաստանում 39.6 դրամ է, Մոլդովայում՝ 48.75 դրամ, Թուրքիայում՝ 65.13 դրամ. «Այնքան էլ տենց չի, որ տարածաշրջանում ամենաբարձր սակագինը մերն է»: Նրա խոսքով` ՀԷՑ-ում աշխատավարձերի խնդիրը ընկերության ներքին խնդիրն է՝ միջինը 200 հազար դրամ:
ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն էլ շեշտեց, որ սակագնում հաշվարկվող աշխատավարձն այսօր ընկերությունում 200 հազար դրամ է, այդ թվում՝ հարկերը: «Դա խելամիտ աշխատավարձ է, և այսօր պետք է բարձրացվի: Իմ աշխատավարձը, որ շրջանառվում է մամուլում, ոչ մեկին չի վերաբերվում»,- հայտարարեց Բիբինը: