ՔԱՌՅԱԿՆ ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉՈՒՄ, ՀՀԿ-Ն՝ ՀԵՐՅՈՒՐԱՆՔ ԱՆՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին լրամշակված օրենքը ԱԺ ՀՀԿ խմբակցության «ջանքերով» ընդունվեց: Ու թեեւ այս ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ արեց՝ «լղոզելու» օրենքը, որպեսզի այն ինչ-որ չափով ընդունելի լիներ թե՛ Քառյակի, թե՛ ժողովրդի համար, սակայն ԱԺ ոչ իշխանական ուժերին այն կրկին չի գոհացնում: Այս հարցով Քառյակն այսօր նիստ է հրավիրել:

Երեկ Քառյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունն անվավեր է. «ԱԺ հունիսի 21-ի նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը` սահմանափակելով խմբակցությունների եւ անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննարկումների՝ խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը, խորհրդարանին պարտադրել վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր: Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը եւ հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»,-նշված է հայտարարությունում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար անհասկանալի է Քառյակի պահվածքը: «Քառյակի՝ անվավեր ասելով հո չի, կա կարգ, կա կանոնակարգ օրենք, համաձայն որի՝ քվեարկություն է եղել: Եթե որեւէ մեկը մյուսի փոխարեն քվեարկել է, թող բարի լինեն մատնանշեն, բավական է ստախոսությամբ ու հերյուրանքով զբաղվեն»,-հայտարարեց պատգամավորը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս