Ադրբեջանցիները` պատմական մշակույթի պահպանման ջատագո՞վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ նիստի շրջանակներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեն արձանագրություն է ընդունել ԵԱՀԿ տարածքում մշակութային սեփականության պաշտպանության վերաբերյալ:

Արձանագրությունում շեշտադրվում է մշակութային և պատմական հուշարձանների և վայրերի պաշտպանության կարևորությունը` անկախ դրանց գտնվելու վայրից: Մասնակից երկրներին կոչ է արվում հատոուկ մեխանիզմ ստեղծել ԵԱՀԿ շրջանակներում առկա հակամարտության գոտիներում մշակութային հուշարձանների պաշտպանության համար, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այս պատմության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ նշված արձանագրությունն առաջարկվել է ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևի կողմից: Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով նշում են, որ հայաստանցի պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից արձանագրությունում առաջարկված 10 լրացումներից ընդունվել են միայն երկուսը, այն էլ այն պատճառով, որ դրանց հարցում նրա հետ համակարծիք է եղել Գուլիևը:

«Ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման» ջատագովներին ավելորդ չենք համարում հիշեցնել ոչ այնքան հեռու անցյալի դեպքերը, երբ Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված վանդալիզմի արդյունքում Նախիջևանում ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը:

Խաչքարերի վերջին բնաջնջման դեպքը գրանցվել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվեց Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ միասին։ Այնտեղ գտնվող խաչքարները ոչնչացվել են ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի «ազատված» տարածքը վերածվել է հրաձգարանի:

Փորձագետների վկայությամբ, Նախիջևանում ոչնչացվել են 4000 բացառիկ խաչքարեր, որոնց մի մասը պահպանվել է միայն լուսանկարների վրա:




Լրահոս