Տավուշի շարժմանը զուգահեռ Ադրբեջանը նոր քարոզչամեքենա է ստեղծում՝ «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին Բաքվում տեղի է ունեցել Արևմտյան Ադրբեջանի Համայնքի Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսության շենքի բացումը։

Հարկ է նշել, որ Բաքուն պետական մակարդակով շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Զանգեզուր» կեղծ թեզերը: Այս թեզերով փորձում են միջազգային հանրությանը սնել, որ ներկայիս Հայաստանի տարածքը, ասել է թե, «Արևմտյան Ադրբեջան» է։
Բաքվի կողմից տարբեր ժամանակներում քարոզչական դաշտ նետված թեզերն ուսումնասիրած ադրբեջանագետի կարծիքով՝ որոշ ժամանակ անց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները կսկսեն Հայաստանի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններում՝ նյութական փոխհատուցում պահանջելով: Հայաստանի նկատմամբ ճնշում կլինի նաև այլ հարթակներում:
Ինչպես հաղորդում է Trend-ը, հեռուստատեսության շենքի բացմանը ելույթ է ունեցել Համայնքի վարչության նախագահ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

Նա նշել է, որ Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսությունը ակտիվորեն աջակցում է վերջին 200 տարվա ընթացքում իրենց պատմական հողերից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար իրականացվող գործողություններին, ինչպես նաև փոխանցելու ճշմարտությունը երկրի ժառանգության մասին:

Ադրբեջանն արդեն ունի «Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսություն» յութուբյան ալիք, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչպես է Հայաստանն իբրև զավթել ադրբեջանական հողատարածքները։
Կասկածելի չէ այն հանգամանքը, որ Ադրբեջանի նման քարոզչությունը համընկել է Տավուշում ընթացող սահմանազատման և սահմանագծման գործողությունների հետ։ Ադրբեջանը մշտապես նման թեզեր առաջ է քաշում այն ժամանակ, երբ կարծում է, որ միջազգային ատյանների ուշադրությունը Հայաստանի վրա շատ է կենտրոնացած։
Հենց այս քարոզչամեքենան օգտագործելով էլ Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր առաջ քաշած թեզերը։




Լրահոս