ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մեր երկրում արտադրվել է 3251.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները աճել են 0,2%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 807.9 մլն կՎտ ժամ, փետրվարին՝ 665.7 մլն կՎտ ժամ, մարտին՝ 621.8 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 599.8 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 555.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նշենք, որ այս տարվա առաջին ամիսներին մեր երկիրը էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտում գրանցել էր անկում: Հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել էր 256.6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ի դեպ, նախորդ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատ ցուցանիշի անկումը կազմել էր 39.95%: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել էր շուրջ 4%-ով:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Այսուհետ Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք կգործեն արտասահմանյան, ծառայողական եւ դիվանագիտական անձնագրերով: Նախկինում Ռուսաստան մուտք գործելու համար Տաջիկստանի քաղաքացիներին բավական էր ունենալ սովորական քաղաքացիական անձնագիր եւ ծննդյան վկայականներ՝ 16 տարեկանը չլրացած երեխաների համար: ԱՊՀ քաղաքացիների համար Ռուսաստանի սահմանները հատելու կանոնների փոփոխության մասին առաջարկն արել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը` Դաշնային խորհրդին դիմելով: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ այն պայմաններում, երբ ԱՊՀ երկրների քաղաքացիները Ռուսաստան են ժամանում իրենց երկրի անձնագրերով, պատշաճ միգրացիոն վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Պուտինը նշել է, որ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում, որը ներառում է Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, կշարունակի պահպանվել պարզեցված վիզային ռեժիմ: Մյուս ԱՊՀ պետություններին արտասահմանյան անձնագրերի անցնելու գործում Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել ֆինանսական եւ տեխնիկական օգնություն: Ավելի վաղ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնայի ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը հայտարարել էր, որ ներգաղթողների, այդ թվում՝ Տաջիկստանի քաղաքացիների համար արտասահմանյան անձնագրերի ներմուծումը 30 անգամ կնվազեցնի այդ երկրից թմրանյութերի մաքսանենգության դեպքերը:

Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս