ՕՐԻՆԱԳԻԾԸ ՉԱՆՑԱՎ, ԿԵՑՑԵ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

30 կողմ, 56 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ երեկ ԱԺ-ն մերժեց խորհրդարանական ընդդիմության՝ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ նախաձեռնությունը: Պետք է ասել, որ նախագծի քվեարկությունն ուշագրավ պատկեր է գրանցել:
Թեեւ ԲՀԿ-ն վերջին ամիսներին հայտարարում էր` իրենց ծրագրում դեռ 2007թ. ամրագրվել է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի, սակայն ԲՀԿ-ական պատգամավորներից ոչ բոլորն են կողմ քվեարկել իրենց ծրագիրը կյանքի կոչող օրենսդրական նախաձեռնությանը:
ԲՀԿ-ից համամասնական ընտրակարգին դեմ են եղել համամասնականով ընտրված պատգամավորներ գյումրեցի Ռոբերտ Զաքարյանը, Արագած Ախոյանը, Արշակ Մխիթարյանը, ինչպես նաեւ նախկին ՕԵԿ-ական, այժմ ԲՀԿ-ական, ԱԺ փոխնախագահ, թիվ 35 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը: Փոխարենը ԲՀԿ-ական մեծամասնականով ընտրված պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Մարտուն Գրիգորյանը կողմ են եղել նախագծին, Վերսանդիկ Հակոբյանը, Տիգրան Ստեփանյանը, Ռոբերտ Թովմասյանն ու Մելիք Մանուկյանն էլ չեն քվեարկել, համամասնականով ընտրված ԲՀԿ-ականներ Արմեն Աբրահամյանը եւ Էռնեստ Սողոմոնյանը` ձեռնպահ: ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները դեմ են եղել նախագծին: ՕԵԿ-ից Իշխան Խաչատրյանը ձեռնպահ է եղել, նիստին ներկա են եղել միայն Հեղինե Բիշարյանն ու Սերյոժա Աբրահամյանը, որոնք դեմ են քվեարկել, մյուս ՕԵԿ-ականները բացակայել են: Փոխարենը նախագծին կողմ էր քվեարկել անկուսակցական, մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Մխիթար Վարագյանը: Անկախ պատգամավորներից նախագծին կողմ էր եղել նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
Իսկ ՀՀԿ-ականներից նախագծին չեն քվեարկել Արմեն Պուրտոյանը, Կարեն Սարիբեկյանը, Սամվել Սարգսյանը, Վազգեն Կարախանյանը: Չեն  քվեարկել նաեւ Սամվել Ալեքսանյանն ու Արա Սիմոնյանը: Այս պատկերը հետաքրքիր է, քանի որ ՀՀԿ-ի համար խիստ անհրաժեշտ էր, որ ինչքան հնարավոր է շատ ձայներով մերժվի նախագիծը:
Ի դեպ, երեկ` առավոտյան, խորհրդարանի մոտ հավաքվել էին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ: Փոխարենը ՀՅԴ-ն, որ նախօրեին` այս նախագծի քննարկման ժամանակ, նույնիսկ հանրահավաք էր կազմակերպել, ներկայացված չէր այստեղ: Մինչդեռ նկատենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նախօրեին իրենց համակիրներին կոչ էր արել հարցի քվեարկության ժամանակ եւս խորհրդարանի մոտ հավաքվել:
Այսպիսով` ՀՀԿ-ն արձանագրեց, որ Հայաստանին անհրաժեշտ չէ քաղաքական համակարգ, իշխող կուսակցությունը զարկ է տալիս օլիգարխիային: Գործարարները կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով:

Ա. Գ.




Լրահոս