ՖՐԱՆՍԻԱՆ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Իսկ մենք` հայերս, թերեւս ժամանակից շուտ շտապեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ հայտնել մեր երախտագիտությունը: Ինչեւէ, առաջին անգամը չէ, որ գերտերությունները, շոշափելով այս հարցը, չեն տալիս դրական լուծում, կամ եթե տալիս էլ են, ապա միայն սեփական շահերից ելնելով:

Հարց. Ձեր կարծիքով` ինչո՞ւ մեր բարեկամ պետությունը սկզբում որոշում ընդունեց քրեորեն պատժել Ցեղասպանությունը ժխտող անձանց` այդ կերպ արժանանալով հայերի գոհունակությանը, այնուհետեւ հուսախաբ արեց:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ֆրանսիան առաջնորդվում է` միմիայն սեփական շահերից ելնելով: Ասեմ ավելին, ես նույնիսկ սպասում էի նման որոշման: Որպես ՀՀ քաղաքացի` դեմ էի հայերի էմոցիոնալ վարքագծին, նկատի ունեմ այն, որ դեսպանատան առջեւ հավաքվել եւ շնորհակալություն էին հայտնում Ֆրանսիային: Մենք չպետք է սպասենք, որպեսզի ինչ-որ պետություն ընդունի այն, մեր խնդիրը թուրքերի հետ է, թուրքական հասարակությունը մասամբ արդեն ընդունել է, մնում է, որ կառավարությունն էլ ընդունի, բայց դե ընդունելու դեպքում էլ փոխհատուցում պետք է տա: Ես անձամբ Ֆրանսիայից վիրավորված չեմ, որովհետեւ հայերի ընտրազանգվածը հավաքելու համար Սարկոզին նման քայլի չէր գնա, ես ավելի շատ Կալիֆորնիա նահանգի որոշումից եմ վիրավորված: Մեր խնդիրը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի հետ չէ, մեր վեճը Թուրքիայի հետ է, այդ պատճառով կարծում եմ, որ պետք է դիմենք միջազգային դատարան:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
սոցիոլոգ, պրոֆեսոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ խոսք, Ֆրանսիան հերթական անգամ հիասթափեցրեց մեզ, բայց մի կողմից էլ Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը մի փոքր մարդու իրավունքներին կհակասեր: Ստացվում է այսպես. «Մենք ուզում էինք, որ լավ լինի, ստացվեց ոնց որ միշտ»: Ֆրանսիան ուզում էր մի կրակով երկու նապաստակ խփել, այսինքն` մի կողմից հայկական համայնքն իր օգտին կքվեարկեր, մյուս կողմից էլ Սարկոզին հետագայում կհիշվեր որպես մի նախագահ, ով այսպիսի մեծ քայլ է արել: Բայց ինչեւէ, մենք չպետք է հիասթափվենք, պետք է ոչ թե սպասենք, որպեսզի մեր բարեկամ պետությունները մեզ համար ինչ-որ բան անեն, պետք է ինքներս մեր մեջ ուժ գտնենք եւ հակահարված տանք Թուրքիային:

ՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԺՈՒԿ նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, եթե Սարկոզին ցանկանար ստորագրել, ի սկզբանե կստորագրեր, էլ չէր սպասի, որպեսզի գնա, հասնի Սահմանադրական դատարան: Առհասարակ պատմության ընթացքում սա եզակի դեպք չէ: ԱՄՆ-ի տարբեր նախագահներ շոշափել են այս հարցը, խոստումներ տվել, բայց ապարդյուն: Կարծում եմ, եթե մենք ունենանք տնտեսապես զարգացած, ազատ, անկախ երկիր, ապա կկարողանանք լուծել այս խնդիրը: Իսկ Ֆրանսիայի դեպքում սա ընդամենը քաղաքական խաղ է:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ
Պատրաստեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս