ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՆՑ ՆԻՍՏԵՐԻ

Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանն ասաց, որ վաղը (այսօր) բանդայի գործով դատական նիստ չի կայանալու. «Ոչինչ չեն ասում, թե ինչն է պատճառը, որ նիստերը չեն կայանում: Ամբաստանյալների պաշտպաններն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե այս գործով դատավոր Մխիթար Պապոյանին ցանկանում են փոխել: Չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց փաստ է մեկ բան, որ դատական նիստերը չեն կայանում»: Ըստ նրա՝ եթե դատավորին փոխեն, ամեն ինչ նորից պետք է սկսվի. «Ինչ են ուզում մեզանից՝ մարդ չգիտի: Բանդա սարքեցին, բայց գողոնն էլ չկա, վկաներն էլ չկան: Ի՞նչ պիտի լինի սրա վերջը»: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» գործով որպես պարագլուխ կալանավորվել էր Սուրիկ Հակոբյանի որդին՝ Արտյուշ Հակոբյանը:

 

 

ԲԱՑԱՀԱՅՏ ԴԵՄ ԵՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ տեւական ժամանակ խուսափում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցից, երեկ որոշել էր արհամարհել նաեւ պատգամավորներին: Չնայած ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հարցուպատասխանի ժամանակ հարցերն ուղղում էին անձամբ Տիգրան Սարգսյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց` խորհրդարանական ամբիոնի մոտ ուղարկելով տարբեր նախարարների: Տ. Սարգսյանի երեկվա պահվածքը, թերեւս, նյարդայնացրել էր պատգամավորներին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դժվար է միանշանակ պատասխան տալը. կա՛մ արհամարհում է, կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ ասելիք չունի, կա՛մ էլ համակերպվել է, որ ԱԺ 6 խմբակցությունից 4-ը բացահայտ դեմ է իրեն»:

 

 

ԹՎԵՐՈՎ

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի երեկվա հարցին կառավարությունն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: Այնինչ Բագրատյանը շատ պարզ մասնագիտական հարց էր տվել. «Հայաստանի ՀՆԱ-ն վերջին վեց տարիների ընթացքում աճել է շուրջ 9 տոկոսով, տարեկան մոտ 1,5-ական տոկոս: Այս տարվա ՀՆԱ-ն կանխատեսվում է շուրջ 11 միլիարդ դոլար, դրանից շուրջ 8 միլիարդը ստացել ենք տրանսֆերների տեսքով, ավելի քան 2 միլիարդը պետական պարտք է, եւս 2 միլիարդը` մասնավոր պարտք դրսից: Այսինքն՝ այս տարիների ընթացքում Հայաստան է մտել 12 միլիարդ դոլար, ավելին, քան ՀՆԱ-ն է: Ինչո՞ւ Հայաստան մտնող փողն արտացոլում չի գտնում ՀՆԱ աճի վրա»: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը սկզբում ասաց, որ չի հասկացել հարցը, իսկ երբ Բագրատյանն ավելի պարզ ձեւով հնչեցրեց այն, նախարարն ասաց, որ պաշտոնական թվերի հետ կարելի է վարժություններ անել, խաղալ, սակայն դա ՀՆԱ-ի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ: Արդյունքում՝ Դավիթ Սարգսյանն այդպես էլ հստակ մեկնաբանություն չտվեց` ինչու ՀՀ մտնող փողը չի արտացոլվել ՀՆԱ աճի վրա:




Լրահոս