ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները տապալեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ խորհրդարանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը: Դեմ քվեարկեց 56 պատգամավոր, կողմ` 46: Այդպիսով` հաստատվեց, որ 2014թ. հունվարի 1-ից օրենքը գործելու է: Քվեարկությունից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվարկելու օրենքին: Թե ինչու, դա կասի լրագրողներին: Իսկ քվեարկությունից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց. «ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ լրագրողներին բացատրելու է, թե ինչու են դեմ քվեարկում: Առաջարկում եմ, որ Գալուստ Սահակյանն իջնի փողոց եւ իրենց բացատրի, թե ինչու դեմ քվեարկեցին: Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրե՛ք ժողովրդին»: 

«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներից պարզել, թե իրենք ինչ բացատրություն են տալու քաղաքացիներին:

ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Դուք պետք է բացատրություն տաք ժողովրդին, թե ինչու դեմ քվեարկեցիք կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու մասին օրենքին: Դուք ինչպե՞ս եք ժողովրդի աչքերի մեջ նայելու սրանից հետո:

-Մենք շատ պարզ նայում ենք, ժողովրդի հետ շփվում ենք ու քայլում ենք ժողովրդի հետ միասին, ինչպես նաեւ ընդունում ենք, որ ժողովրդի մի մասն էլ կարող է դեմ լինել, դա շատ բնական է: Բայց բոլոր մեր գործընկերներին բարեկամաբար կխնդրեմ կոռեկտության սահմանները չանցնել, ամեն մի խմբակցություն թող իր մասին մտածի:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (Թունելի Հակոբ)
-Պարո՛ն Հակոբյան, կուտակային համակարգի հետաձգմանը դեմ քվեարկելուց հետո Դուք ինչպե՞ս եք նայելու սոցիալական ծայրահեղ պայմաններում ապրող ժողովրդի աչքերի մեջ…

-Շատ պարզ եւ ուղիղ, որովհետեւ մենք ինչ անում ենք, ժողովրդի համար ենք ուզում անել:

-Բայց փաստորեն ստացվում է, որ ժողովրդին դեմ եք անում:

-Դա որոշակի մարդկանց կարծիքն է, դա շատ անհատական եւ սուբյեկտիվ կարծիք է:

-Իսկ Դուք երբեւիցե զրուցե՞լ եք փողոցում պայքարող մարդկանց հետ՝ հասկանալու նաեւ նրանց պահանջը:

-Ես 15 տարի եղել եմ մեծամասնական պատգամավոր, ես զրուցել եմ ժողովրդի հետ ու գիտեմ ժողովրդի կարծիքը:

-Հիմա, ըստ Ձեզ, ժողովուրդը գո՞հ է Ձեր քվեարկության արդյունքներից:

-Ժողովուրդը չի կարող գոհ լինել նրանից, որ մենք իրենից փող ենք պահում, բայց ժողովուրդը գոհ կլինի, երբ մենք իրեն շատ փող կտանք: Ես եղել եմ գլխադասային հանձնաժողովի նախագահ օրենքի քննարկման ժամանակ եւ խոսել եմ հասարակության տարբեր շերտերի հետ: Ե՛վ եղել են կողմ, ե՛ւ եղել են դեմ: Բայց հիմնականում համաձայնել են կենսաթոշակ ստանալուն: Հիմա մենք շատ պարզ աչքերով նայելու ենք ժողովրդին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, Վ. Հովհաննիսյանը Ձեզ կոչ արեց դուրս գալ փողոց եւ Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրել ժողովրդին: Դուք պատրաստվո՞ւմ եք դա անել:

-Այն զանգվածներին, որոնց համոզել էին, որ իբրեւ թե գործընթաց են սկսել, պիտի իրենք մոտենան, նրանցից ներողություն խնդրեն, որ անիմաստ գործ են ձեռնարկել: Ես կմասնակցեմ, կմիանամ այն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք կողմնակից են, որ օրենքը գործարկվի:

-Այսինքն, ըստ Ձեզ, Դուք ժողովրդի հանդեպ որեւէ «մեղք» չե՞ք գործել:

-Իհարկե: Իսկ ի՞նչ է պատահել, առավել եւս խոստացել եմ, որ ուրբաթ օրը ես իրենց ներկայացուցիչներին կընդունեմ: Իրենք խնդրել են, որ հանդիպենք, ես էլ պայմանավորվել եմ, որ ուրբաթ օրը՝ առավոտյան, գան, ու հանդիպենք, զրուցենք:

Իսկ անձամբ չե՞ք ուզում հանդիպել փողոցում բողոքող ժողովրդի հետ:

-Բայց ինչո՞ւ ես պետք է ժողովրդի հետ հանդիպեմ ու զրուցեմ:

-Իշխանության ներկայացուցիչ եք…

-Ես իշխանություն եմ, ժողովուրդն ինձ ընտրել է, ես իրավունք ունեմ իմ լիազորությունների շրջանակում որոշում ընդունել, եթե ժողովուրդը չի հավանում իմ որոշումը, հաջորդ անգամ ինձ չի ընտրի: Դրանք մարդիկ են, որոնց այս ու այն կերպ ներշնչել են, որ իրենք լավ ճանապարհներով են գնում:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց հարց ուղղել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս