ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԽԱԲԵԼ Է

Դալմայի այգում 1000 քմ հողատարածքի նախկին սեփականատեր Էդիկ Սիմոնյանը մինչեւ հիմա քաղաքապետարանից ամբողջությամբ չի ստացել խոստացված 10 հազար դոլար փոխհատուցումը: Նրա դուստրը` Նելլի Սիմոնյանը, NEWS.am-ին ասել է. «Մի տարի ա՝ խաբում են: 5000 դոլարը տվեցին, 5000-ը չեն տալիս: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը եւ քաղաքապետարանի աշխատակիցները երկու ամիս է՝ մեզ ուղարկում են Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մոտ` ասելով, որ նրանից գումար պահանջենք: Նարեկ Սարգսյանն էլ ասեց՝ ես տվել եմ իմ չափով»: Նախկին սեփականատերերի տեղեկություններով՝ իրենց հողն օտարելուց հետո 1 մլն դոլարով վաճառել են Սիրիայի քաղաքացու:

 

 

ԻՆՔՆ ԱՍԵԼ Է

Նոյեմբերի 21-ից 23-ը Բելառուսում գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում անդրադարձել է բատկայի կողմից Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու շուրջ ոչ հայանպաստ հայտարարությանը: «Այդ հարցն անձամբ ես իրեն տվել եմ հանդիպման ժամանակ, եւ ինքն ինձ ասաց, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ ամեն ինչ անելու է հայ ժողովրդի համար: Մոտակայում ինքը հարցազրույց է տալու, եւ անպայման դուք կլսեք»,-ասել է Ծառուկյանը:

 

 

ԽԱԽՏՈՒՄ ՉԿԱ՞

Երեկ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները բարձրացրել են պետական միջոցներով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ռուսերենով հեռարձակման հարցը: Պատասխանելով Ալիկ Արզումանյանին` կառավարության վարչակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, թե խաղի միայն մի մասն է ռուսերենով անցկացվում. «Լեզվի մասին օրենքի որեւէ խախտում չկա, բացի այդ՝ օրենքով նախատեսվում է, որ ազգային փոքրամասնությունների համար կարող են այլ լեզվով հաղորդումներ հեռարձակվել»: Ի պատասխան՝ Արզումանյանը հարցրել է. «Այդ տրամաբանության համաձայն՝ Հայաստանում բնակվում են այլ ազգային փոքրամասնություններ եւս՝ եզդիներ, հրեաներ եւ այլն, այդ դեպքում ինչո՞ւ նրանց մայրենի լեզվով հաղորդումներ չկան»:

 

 

ՃԻՇՏԸ ԳԵՎՈՐԻԿՆ Է

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, անդրադառնալով գազի գնի շուրջ տարբեր պաշտոնյաների` միմյանց հակասող հայտարարություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովո՛ւրդ ջան, հիմա հունվարին մենք գազի համար ի՞նչ գին պետք է վճարենք` Վիգեն Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Արմեն Մովսիսյանի, թե ՀՀԿ-ի Գեւորիկի ասածը»:

 

 

ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ

Ուկրաինայի երեք նախկին նախագահները` Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն, երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` իրենց մտահոգությունը հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի շուրջ. «Ուկրաինայում խորը քաղաքական ճգնաժամ է ծավալվում, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ողջ ուկրաինական պետության, նրա տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության համար»:




Լրահոս