ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում համակարգված կոռուպցիայի մասին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած հարցապնդման քննարկումների ժամանակ դահլիճում թեեւ հազիվ 20 պատգամավոր էր ներկա, սակայն այն անցավ բավական թեժ մթնոլորտում: Բանը հասավ նրան, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ԱԺ ամբիոնից միմյանց մեղադրեցին անգրագիտության մեջ: Ավելի ուշ Զուրաբյանը Հ. Թովմասյանի նյարդային պահվածքի մասին հարցին պատասխանելիս, խնդրելով չմասնավորեցնել գնահատականները, նշեց. «Ամենատգեղն ինձ համար միշտ եղել է ղզիկների ագրեսիվությունը»:

ՀԱԿ-ը կոռուպցիայի վերաբերյալ հարցապնդումը ներկայացրել էր դեռ նոյեմբերի 5-ին, բայց կառավարությունը դրան պատասխանել էր օրենքով սահմանված ժամկետի ամենավերջին օրը` նախօրեի երեկոյան: Այն էլ ՀԱԿ ներկայացրած փաստերից շատերի վերաբերյալ կառավարությունը որեւէ հստակ պատասխան չէր տվել: Օրինակ՝ ՀԱԿ-ը մատնանշել էր, որ կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսով, որ յուրաքանչյուր տարի պետությունից հափշտակվում եւ կոռուպցիոն բուրգի գագաթը կազմող պետական բարձրաստիճան պաշտոնյաների գրպանն է հոսում ավելի քան 2.5 մլրդ դոլար` այնքան, որքան ՀՀ պետբյուջեն է, ավելին` հարկային եկամուտների գծով պետությունից հափշտակվում է ավելի քան 1.7-1.8 մլրդ ԱՄՆ դոլար: Հարցապնդման մեջ ՀԱԿ-ն անդրադարձել էր նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին ու մեկ տարվա ընթացքում ունեցվածքի աճին: Եվ, վերջապես, հարցապնդումը եզրափակել էր այսպես. չի կատարվել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության` 2009-2012թթ. ծրագիրը, ինչո՞ւ նշված խնդիրներին չի անդրադարձել ՀՀ կառավարությանը կից գործող հակակոռուպցիոն խորհուրդը: Այս բոլոր հարցերը Հրայր Թովմասյանի ստորագրությամբ ուղարկված պատասխանում մնացել էին անպատասխան:
Կառավարությունն անդրադարձել է պետական բյուջեի միջոցներով ԴԱՀԿ-ի համար ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից չինական BYD մակնիշի ավտոմեքենաների մեծ խմբաքանակ գնելուն` նշելով, որ Մ. Պողոսյանն իր բաժնեմասը վաճառել է եւ ՍՊԸ-ի սեփականատերը չէ: Անդրադարձ կա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալին, որտեղ կառավարությունը նշել էր. «Իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդության կատարման համար պահանջվող քննչական գործողությունների մեծածավալ եւ ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռեւս շարունակվում են համապատասխան գործողությունները»:
Լեւոն Զուրաբյանը կառավարության ներկայացրած պատասխանը որակեց փաստարկներից զուրկ:
Հակադարձումները երեկ նյարդայնացրին հարցապնդմանը պատասխանելու համար խորհրդարան եկած Հրայր Թովմասյանին: «Եթե ինչ-որ մեկը գրագիտությունից է խոսում, այնքան անգրագետ չլինեիք եւ չգրեիք բաներ, որ կառավարության իրավասությունների մեջ չի մտնում: Կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է. դուք կարող եք գույները գեղեցկացնել ու թունդ դարձնել, դրանից իրավիճակը չի փոխվի… Այնքան գրագիտություն չունեն, որ իմանան, որ անմեղության կանխավարկած ասվածը գոյություն ունի, իսկ պաշտոնյաների հայտարարագրերը կառավարությունը չի ստուգում,-հայտարարեց նա` շարունակելով,-ի՞նչ ա, Կիպրոսի կառավարության փոխարե՞ն էլ ձեզ պիտի պատասխան տանք, թե՞ էդքան հզոր ենք, որ Կիպրոսի կառավարության վրա էլ կարողանանք ազդել»:
«Ստացվում է` ինչ-որ չար ուժեր, Կիպրոսի կառավարությունը զբաղված են Տ. Սարգսյան հրեշտակի վարկաբեկման գործով: Եթե այդպես է, եկե՛ք ազգովի կանգնենք հրեշտակի թիկունքին եւ նրան պաշտպանենք իմպերիալիզմի ուժերի այս ստոր հարձակումներից»,-ավելի ուշ մի խումբ լրագրողների հետ զրույցում հեգնեց Զուրաբյանը: Նա նաեւ անդրադարձավ նախարարի հայտարարություններին. «Պարզվում է` Հ. Թովմասյանն այնքան անգրագետ է, որ չգիտի` անմեղության կանխավարկածն իրավական եզրույթ է եւ գործում է քաղաքացիների համար: Բայց քաղաքական ոլորտում գործում է մեղավորության կանխավարկածը: Դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեղադրանք է ներկայացվում հանրային անձին, քաղաքական գործչին, նա ինքը կա՛մ պետք է արագորեն ապացուցի, որ մեղավոր չէ, կա՛մ պետք է հրաժարական տա»:
Ի դեպ, նոյեմբերին Զուրաբյանը կառավարությանը խորհուրդ էր տվել ինքնահրկիզվել, իսկ երեկ խորհուրդ տվեց կոլեկտիվ հրաժարական ներկայացնել: «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե որն է իր դիրքորոշման փոփոխության պատճառը: «Դե որոշել եմ ավելի մարդասիրական մոտեցում ցուցաբերել ու հրաժարվել արյունալի տեսարաններից: Թող կոլեկտիվ հրաժարական տան, դա լրիվ կբավարարի»,-ասաց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս