Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հատուկ քննչական ծառայությունից, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, հայտնեցին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեղադրանքով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Հարություն Սարգսյանը հայտարարել էր, թե Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իրեն դաժան ծեծի են ենթարկել.
«…Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, 2 քաղաքացիական հագուստով մարդիկ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր (Երեւանի ներկայիս ոստիկանապետը-Ք. Մ.): Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Հրահանգեց՝ աթոռ բերեն, ու զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերեն: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետեւի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինի սեւ մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծն այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել: Ուշքի գալուց հետո տեսա՝ Բաբակեխյանը ջրի ամանով ջուր էր լցնում վրաս: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն ինձ տեղափոխեցին Երեւան ՁՊՎ: Քնած ժամանակ ինձ արթնացրին, տարան 1-ին հարկի ինչ-որ սենյակ: Սենյակում էր Աշոտ Կարապետյանը, համոզեց, որ ընդունեմ մեղքն իմ վրա, հակառակ դեպքում ավելի վատ կլինի իմ համար: Ես չհամաձայնեցի նրա այդ պահանջի հետ, որից հետո նա կարգադրեց դիմակավորված անձանց ծեծի ենթարկել ինձ, որը կարճ տեւեց»:
Հարություն Սարգսյանի հայտարարությանն ի պատասխան՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աշոտ Կարապետյանը նշեց, որ անլուրջ հայտարարությունները չի մեկնաբանում: Իսկ ահա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, թե եթե Հարությունը նման ցուցմունք է տվել դատարանում, ապա պետք է պատասխան տա նաեւ սուտ մատնության համար: «Ամեն մի մեղադրյալ կարող է մի անհեթեթություն ասի: Սկսենք դրանից: Ոչ մի մեղադրյալ այսօր չի ասում, որ ինքը մեղավոր է, բայց ապացույցների ճնշում կա, բան կա: Համ էլ էդ նո՞ր ա հիշել, որ տենց բան ա եղել, բա նախաքննության ժամանակ խի՞ չէր ցուցմունք տալի: Ես բանուգործ չունեմ, հա՞, ես ինչի՞ պիտի… ինչ-որ անհեթեթ անձի, ինչ-որ երկոտանի անձի ծեծելս ո՞րն ա: Ամոթ ա ուղղակի: Գիտեք ոնց, իմ աշխատողները պռոստը չեն հարգի ինձ, եթե ես մարդ ծեծեմ»,-ասել էր Երեւան քաղաքի ոստիկանապետը:
Ինչեւէ, հաշվի առնելով ամբաստանյալի հայտարարությունը՝ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՔԾ-ից պարզել, թե արդյոք այն ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին: Երեկ ՀՔԾ-ից մեզ հայտնեցին. «ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով, եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով պարտականությունները չկատարելը՝ պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Կատարվում է նախաքննություն»: Թե ովքեր են որպես մեղադրյալներ ներգրավվել գործում, ՀՔԾ-ն չի գաղտնազերծել:
Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին մեղադրում են խոշտանգումների մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանն էլ վերջերս վարույթ է ընդունել ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի բողոքն այն մասին, որ 2004թ. հետընտրական քաղաքական իրադարձությունների ժամանակ ոստիկանական բաժանմունքներից մեկում Աշոտ Կարապետյանն իրեն խոշտանգումների է ենթարկել:
Հավելենք, որ Ա. Կարապետյանի պաշտոնանկությունը նաեւ որոշ դիվանագետներ են սկսել պահանջել: Տեսնենք, թե ինչով կավարտվեն այս գործընթացները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս