ՍՏԻՊՎԱԾ ԳՅՈՒՂԱՊԵՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ
ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռավան համայնքի ղեկավար Աշոտ Գրեյանն իր ընտանիքի գոյությունը պահպանելու համար, բացի գյուղապետի աշխատանքից, զբաղվում է նաեւ անասնապահությամբ: «Աշխատանքի լավ տարբերակ գտնելուց անմիջապես հետո, առանց մեկ վայրկյան մտածելու, կազատվեմ գյուղապետի պաշտոնից: Ա՛յ աղջիկ ջան, ախր չես պատկերացնում, թե ինչ վիճակ է գյուղերում: Աշխատատեղ չկա, կարելի է ասել, որ ոչինչ չկա: Ես էլ ստիպված երկրորդ անգամ եմ առաջադրվել գյուղապետի պաշտոնում, որովհետեւ այլ ցանկացող չկա»,-հուսահատված նկատեց Գրեյանը: Նշենք, որ դեկտեմբերի 8-ին 150 բնակիչ ունեցող (որից 80-90-ն ընտրողներ են) Ջաջուռավանում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ական գործող համայնքապետ Աշոտ Գրեյանը եւ անկուսակցական Զոհրաբ Անտոնյանը:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 1-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Եռաբլուրի հարակից տարածքում, արտառոց դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ մի աղջիկ մոտեցել է երկու երիտասարդ տղաների եւ առաջարկել 20 հազար դրամ գումարի դիմաց նրանց հետ գնալ զվարճանալու: Տղաները համաձայնել են ու աղջկան վճարել նրա պահանջած գումարը: Նրանք որոշել են գնալ Երեւանի Անդրանիկի փողոցում գտնվող «Ռոյալ» հյուրանոց, որտեղ աղջիկը հանկարծակի հրաժարվել է տղաների տված գումարի դիմաց ծառայություն մատուցել: Երկար «բանակցություններից» հետո աղջկան հաջողվել է հեռանալ հյուրանոցից՝ գումարը չվերադարձնելով: Թե ինչ կլինի նրանց ճակատագիրը, ոստիկանները դեռ պարզում են:
ԴԻՏԱՐԿՈՒՄ
Դեկտեմբերի 4-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Եվգենի Շարովը (Ուկրաինա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: