Armenian text to speach

ՕՐԻՆԱԽԱԽՏՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՊԱՐՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին սնունդ մատակարարող օրինախախտ ընկերությունները, որոնք նախորդ եւ այս տարի մեծ աղմուկով տուգանվեցին, պարզվում է՝ նույնչափ օրինախախտ են նաեւ տուգանքը վճարելու հարցում: Խոսքը «Սեար գրուպ»-ի, «Երեքնուկ»-ի եւ «Ամարաս Յուս»-ի մասին է, որոնց սեփականատերը նույն մարդն է` Յուրի Ադյանը: Բնականաբար, Ադյանը պետբյուջեի փողերը թալանելու մեջ չէր կարող միայնակ գործել, ու, թերեւս պատահական չէ, որ իշխանությունները բավարարվեցին կեղծարարներին միայն 45 մլն դրամով տուգանելով եւ մեկ տարի ժամկետով զրկելով պետգնումների մրցույթին մասնակցելուց:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ` սփրեդ կամ մարգարին, որոնք թե՛ որակական եւ թե՛ գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Այդ ընկերություններից էին «Սեար գրուպ»-ը եւ «Երեքնուկ»-ը: Դեռ նախորդ տարի հանձնաժողովը բավարարվեց տնտեսվարողներին տուգանելով տարեկան հասույթի 1%-ի չափով: Իսկ այս տարի օրինախախտները երեքն էին` նույն «Երեքնուկ»-ն ու «Սեար գրուպ»-ը, ինչպես նաեւ «Ամարաս Յուս»-ը, որոնք տուգանվեցին՝ յուրաքանչյուրը 15 մլն դրամի չափով: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն: Եվ համաձայն գործող օրենսդրության՝ ընկերությունները մեկ տարով զրկվելու են պետգնումների մրցույթներին մասնակցելու իրավունքից:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ «Երեքնուկ», «Սեար գրուպ», «Ամարաս Յուս» ընկերությունների հեռախոսահամարները գրեթե նույնն են՝ մեկ թվով տարբեր: Իսկ տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյանը, որն էլ, մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ խախտում իրականացրած ընկերությունների հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Լեռնային Ղարաբաղից, որոնք ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ:
ՀՀ ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանի խոսքով՝ «Սեար գրուպ»-ն ու «Երեքնուկ»-ը դեռեւս անցյալ տարի բողոքարկել են դատարան. վիճարկել են հանձնաժողովի նախորդ տարվա որոշումները. «Եվ հանձնաժողովը, մտավախություն ունենալով, որ բողոքարկումից հետո, այնուամենայնիվ, կարող է նրանք տուգանքը չմուծեն, սնանկ ճանաչվեն, դիմեց դատարան, որպեսզի կիրառվի հայցի ապահովում: Այսինքն՝ բռնագանձում տարածվի նրանց միջոցների նկատմամբ, եւ դատական կարգով հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձվի: Այդ դիմումը բավարարվեց եւ ուղարկվեց հարկադիր կատարման: Երկու ընկերության մասով էլ գումարները բռնագանձվել են՝ «Երեքնուկ»-ից՝ ամբողջությամբ, իսկ «Սեար գրուպ»-ից՝ մի մասի չափով: Հարկադիր կատարման ծառայության կողմից «Սեար գրուպ»-ի մասով պատճառաբանվել է, որ գույք չունի, ինչի համար էլ չի կարող ամբողջական տուգանքի չափը մարել: Այս պահի դրությամբ «Սեար գրուպ»-ի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք է դրված: Ընկերությունը չի կարող որեւէ գործարք կատարել»:
Տեղեկացանք նաեւ, որ ընկերություններն արդեն ստացել են վերջին տուգանքի մասին որոշումը. «Կա տուգանքը մուծելու ժամկետ, կա նաեւ բողոքարկման իրավունք: Ըստ ընկերության վարքագծի՝ հանձնաժողովը կորոշի՝ նորից դիմել դատարան, թե հայցի ապահովման միջոց կիրառել: Գուցե ընկերությունն ինքնակամ մուծի: Դեռեւս ժամանակ կա»:
Խնդրի առնչությամբ զանգահարեցինք Յուրի Ադյանին, սակայն մեր զանգերին պատասխանած տղամարդը նշեց, որ ինքն Ադյանը չէ` տեղեկացնելով. «Անշարժ գույք կա, որը պետք է վաճառենք: Հենց վաճառենք, կփակենք այդ պարտքերը»:
ՏՄՊՊՀ ներկայացուցիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ օրինախախտ ընկերությունների կողմից ստեղծվել է նոր` «Տիսա» ՓԲԸ-ն, որն արդեն մասնակցում է պետգնումների շրջանակում իրականացվող մրցույթներին: ՀՀ պետռեգիստրի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ «Տիսա» ՓԲԸ-ի հիմնադիրն է Անի Անդրեասյանը: Կապ հաստատեցինք Անդրեասյանի հետ, որն էլ հայտարարեց, թե ընկերությունը կապ չունի Յուրի Ադյանի հետ:
Այդուհանդերձ, հարկ ենք համարում նշել, որ այս տարի՝ հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի է ունեցել «Տնտեսական ապրանքների» գնման մրցույթի հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են «Օֆիս Պրո» ՍՊԸ-ն, «Էռգրիգ» ՍՊԸ-ն եւ «Տիսա» ՓԲԸ-ն: Ըստ հանձնաժողովի` «Էռգրիգ» ՍՊԸ-ի փաթեթը չի համապատասխանել սահմանված կարգին, որն էլ մերժվել է: Այսպիսով՝ երկու չափաբաժնով հաղթել է «Օֆիս Պրո»-ն, իսկ տասնինը չափաբաժնով՝ «Տիսա» ՓԲԸ-ն:
Այս ամենից հետո ի՞նչ երաշխիք կա, որ այս ընկերությունը չի կրկնի նախորդների տխուր գործելաոճը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս