«ՓՈՂ ՈՒՆԵՑՈՂԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԵՂԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Գուրգեն Դաբաղյանի «Դե արի» տեսահոլովակի պրեմիերան, որից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց երգչի հետ։

-Շատերն են նկատել, որ Ձեր երգերում, ինչու չէ, պահելաձեւում ոճական փոփոխություններ կան։ Դրանք պայմանավորված են շուկայի պահանջարկո՞վ, թե՞ ուղղակի ցանկանում եք նաեւ այլ ոճում Ձեզ փորձել։

-Դա առաջին հերթին իմ ցանկությունն է։ Երկար ժամանակ միայն ժողովրդական ժանրում եմ հանդես գալիս եւ ցանկացա նաեւ ժողովրդականը մի փոքր մոդեռն, մի փոքր ժամանակակից ձեւով, տեսահոլովակների եւ գործիքավորումների տեսքով ներկայացնել ու նաեւ ինձ այդ կերպարում տեսնել։ Դա է հիմնականը։ Ու նաեւ երկրորդը, որն ինձ համար շատ կարեւոր է. մեծացնել թե՛ իմ երգացանկը, թե՛ հանդիսատեսի բանակը։ Այսինքն՝ չսահմանափակվենք միայն ժողովրդական երաժշտության շրջանակներով, այլեւ մի քիչ ավելի ժամանակակից, փոփ երաժշտությանն ավելի մոտ տարրերով էթնո երաժշտություն ներկայացնենք։ Մեկը մյուսին չի խանգարի, մեկը մյուսի հաշվին չի լինի։

-Եթերը, բեմերը հեղեղված են անճաշակ, անիմաստ տեքստ ունեցող երգերով, ի՞նչ պետք է արվի այդ ամենին վերջ տալու համար։ Ժողովրդական պրոֆեսիոնալ երգիչներն ի՞նչ պետք է անեն այդ ուղղությամբ։

-Շատ եմ լսել, որ ուզում են ինչ-որ խորհուրդ կամ նման մի բան ստեղծել, բայց ես դա իրական չեմ համարում, որովհետեւ այսօր փողը շատ բան է որոշում, ու փող ունեցողը կարողանում է եղանակ ստեղծել թե՛ համացանցում, թե՛ հեռուստաընկերություններում։ Իսկ մենք պետք է մեր գործը մեր չափով լավ անենք, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ մեր գյորա։ Անենք լավ, որակով, ճաշակով ու հանձնենք ժողովրդին։

-Վերջին շրջանում շոու բիզնեսի ներկայացուցիչները տարբեր բողոքի ակցիաների են մասնակցում, բայց Դուք, կարծես թե, չեք երեւում։ Ի՞նչ կարծիքի եք նրանց մասին։

-Շատ լավ կարծիք ունեմ այն մարդկանց մասին, ովքեր ակտիվ են այդ հարցերում։ Ընդհանրապես լավ է, երբ ամեն մի քաղաքացի տեղյակ է իր երկրի ներքաղաքական, կենցաղային իրադարձություններից, անցուդարձից, ինքն էլ ակտիվ է եւ փորձում է ինչ-որ ձեւով իր լուման ունենալ այդ հարցերի լուծման գործում։ Հետեւում եմ այդ ամենին, ուղղակի զբաղվածության պատճառով չեմ կարողանում շատ ակտիվ լինել։ Բացի այդ՝ շատ ակտիվ կամ ոչ այդքան ակտիվ լինելը պայմանավորված է նաեւ մարդու բնավորությամբ, եւ ես, օրինակ, նման հարցերում չեմ սիրում առաջին պլանում երեւալ։

-Իսկ երբ փողոցում առաջին պլան եք մղվում, այսինքն՝ Ձեզ ճանաչում են, մոտենում, ինքնագիր ուզում, նեղվո՞ւմ եք։

-Ո՛չ։ Ես ինձ դրանից լավ եմ զգում, որովհետեւ երեւում է մարդկանց հետաքրքրությունը, սերը դեպի քեզ, ու դու լիցքեր, էներգիա ես ստանում։ Երբեմն, իհարկե, չափաբաժինը մի քիչ շատ է լինում, մի տեսակ լարվում ես, չես կարողանում ազատ ապրել, բայց դա արդեն մեզ համար սովորական է դարձել։

-Անձնական «դաշտում» նորություններ կա՞ն՝ սեր, ամուսնություն, ընտանիք…

-Առայժմ Ձեր նշածները չկան։

-Այսինքն՝ արշալույսները խաղա՞ղ են։

-Այո՛։ Հիմնականում գործով եմ զբաղված, իսկ անձնականը դեռ առջեւում է։

-Եթե ամփոփեք անցնող տարին, ի՞նչ կարող եք ասել. հասցրեցի՞ք անել այն, ինչ նախատեսել էիք։

-Շատ համերգներ ունեցա արտերկրում, հիմնականում Ռուսաստանում. 13-ից ավելի համերգ։ Այնպես որ, այդ առումով շատ լավ էր։ 2013-ի հիմնական գործերից մեկն էլ այս նոր երգի տեսահոլովակի աշխատանքներն ավարտին հասցնելն էր, ինչը նույնպես հաջողությամբ իրականացրի։

-Ամանորն ինչպե՞ս եք նշում։

-Սովորաբար նշում եմ Հայաստանում, մի երկու անգամ է եղել, երբ Հայաստանում չեմ եղել. համերգների եմ եղել ԱՄՆ-ում կամ ուրիշ երկրներում։

-Իսկ ա՞յս տարի։

-Այս տարի երեւի նույնպես կնշեմ Հայաստանում՝ տանը, ընտանիքիս հետ։ Համենայնդեպս, ժամը 24:00-ին կլինեմ տանը, կշնորհավորենք միմյանց Ամանորը, իսկ հետո կգնամ Հանրապետության հրապարակ, որպեսզի ելույթ ունենամ նախատեսված մեծ համերգի շրջանակներում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս