Լավ հիմք` Ֆրանսիայի կրթական փորձի ներդրման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել Է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը շնորհավորել է ՀՀ ԿԳ նախարարին Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա կարևոր ձեռքբերում է: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը  Հայաստանը դիտարկում է, որպես  կրթական ոլորտում արտաքին քաղաքականության առաջընթաց: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում  ֆրանսիական լիցեյի հիմնադրման նախագծին: ՀՀ ԿԳ նախարարն  ընդգծել է, որ Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ հարցը քննարկվել է և այժմ պետք է հստակեցնել նախագծի իրականացման իրավական և մեթոդական մեխանիզմը: Շեշտելով, որ համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանում կարող է լինել օտար լեզվի դասավանդմամբ միայն ավագ դպրոց` նախարար Արմեն Աշոտյանը շեշտել  է . ” Մենք վսատահ ենք, որ կրթության ոլորտում ֆրանսիական փորձի ներդնումը Հայասատանի համար արդյունավետ կլինի, առավել ևս, որ դրա համար լավ հիմք կա”: Արմեն Աշոտյանը դեսպան Անրի Ռենոյին ներկայացրել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առաջարկներ, որոնք քննարկվել են երկու երկրների նախարարների կողմից: Այս համատեքստում կարևորվել է հատկապես Հայաստանի Ֆրանսիական համալսարանի հավատարմագրումը Ֆրանսիայի կողմից: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Ֆրանսիայի կողմից հավատարմագրման գործընթաց սկսել  նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, որը կարևոր քայլ կլինի կրթության որակի` դիպլոմների  ճանաչման  ուղղությամբ: Քննարկվել են նաև Ֆրանսիայի Դեկարտի  և Երևանի պետական բժշկական համալսարանների  համագործակցությանն առնչվող, ինչպես նաև  երկկողմ կրթական ծրագրերի հետ կապված մի շարք այլ հարցեր:




Լրահոս