Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր իրականությունում: Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է մեկնել 5 պաշտոնական պատվիրակություն, որոնք բոլորն էլ անխտիր հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այսպես. հունիսի 13-ին Ստեփանակերտում է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 14-ին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սաակյանի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը, 20-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ դատախազության ողջ ղեկավար անձնակազմը, 24-ին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` մի շարք նախարարների հետ, իսկ երեկ էլ՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հայրենի պաշտոնյաների կողմից Արցախի նկատմամբ նման ուշադրությունն ու հաճախակի այցերը, թերեւս, պատահական չեն: Եվ որքան էլ պաշտոնական հայտարարություններում նշվում է, թե պատվիրակությունների նպատակը հայկական երկու հանրապետությունների միջեւ համագործակցության զարգացումն է ու մարտական հենակետերում զինվորներին հոգեբանական աջակցության ցուցաբերումը, միեւնույն է՝ իրականությունն այլ է: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, Ստեփանակերտ մեկնող պատվիրակությունների եւ ԼՂՀ իշխանությունների քննարկումներն առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության դեպքում ծագած խնդիրներին՝ մասնավորապես ԼՂՀ-ի կարգավիճակին, ինչպես նաեւ սահմանին դրվելիք մաքսակետի խնդրի լուծման հնարավոր տարբերակներին: Դրա համար էլ յուրաքանչյուր գերատեսչություն փորձում է հասկանալ իր բաժին անելիքը:

 
Հուլիսի 1-ին նախատեսված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ էլ պետք է որոշում կայացվի էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին: Ըստ ՀԾԿՀ-ի հայտարարության՝ 1 կվտ/ժամի դիմաց սակագինը բարձրանալու է 3.85 դրամով եւ այժմ ցերեկային ժամերի համար գործող 1կվտ/ժամի դիմաց՝ 38, իսկ գիշերային ժամերի համար՝ 28 դրամի դիմաց կկազմի համապատասխանաբար 41.85, եւ 31.85 դրամ: Սակայն, իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ էժան պոպուլիզմով զբաղվել, եւ ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով կդիմի հանձնաժողովին եւ կխնդրի վերանայել հիշյալ սակագները, ինչի արդյունքում նախատեսվող ավելացումը կլինի, բայց մոտ մեկ դրամով պակաս: Այսինքն՝ ե՛ւ բարձրացում կլինի, ե՛ւ կառավարության փիար:

 

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հայկական պատվիրակության կողմից նախօրեին ԵԽԽՎ նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անպատասխան թողնելը սխալ էր: «Ես կարծում եմ, որ նրա ցինիկ պահվածքին պետք էր պատասխան տալ, ԵԽԽՎ-ն այն տեղն է, որտեղ դիվանագիտություն չեն «խաղում», դա խորհրդարանական ամբիոն է, որտեղ ընդունված կարգի համաձայն՝ բոլորն էլ ելույթներ են ունենում, բոլորն էլ պատասխաններ են տալիս` առավելեւս նման ցինիկ պահվածքին»,-նշեց մեր զրուցակիցը: Իսկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում առկա իրավիճակի լարվածությունը, ըստ Արամ Կարապետյանի՝ Ադրբեջանին անհրաժեշտ է, «որ ցույց տան, թե Հայաստանում պատերազմ է, վատ իրավիճակ է եւ նման խնդիրներ ունեցող երկրին ընդունելով Եվրասիական տնտեսական միության կազմում, միության անդամ երկրները պրոբլեմներ կունենան»:

 

Ինչպես երեւում է, նաեւ նոր ձեւավորված կառավարության մոտ է լավ ստացվում թվաբանական նկարչությունը աճպարարության ձեւով ներկայացնելով՝ տնտեսական ցուցանիշներ արձանագրելու նրբությունները: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ: Սակայն, այս ցուցանիշն իշխանությունները նկարել են մեծ ջանքերի գնով. բանն այն է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են ընդամենը 0.2 տոկոսով, շինարարությունը՝ 0.5 տոկոսով եւ միայն գյուղատնտեսական համախառն արտադրանքն է աճել 5.4 տոկոսով: Արդյունքում՝ նկարվել է 4 տոկոս աճի ընդհանուր պատկեր: Այստեղ նկատենք, որ սովորաբար գարնան վերջին ամսին, երբ արդեն շուկան լի է լինում մրգերով ու բանջարեղենով, կարելի է թվանկարչությամբ աճը հասցնել նույնիսկ 5.4 տոկոսի: Չնայած չի բացառվում, որ մոտ ապագայում ականատես լինենք անգամ երկնիշ տնտեսական աճի ցուցանիշների:




Լրահոս