ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿՏԱ, ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը շարունակում է անտեսել դատարանի վճռով հաստատված իրենց արդարացի պահանջը: Հիշեցնենք, որ Սեյրան Սարգսյանն ու Դիտավանի 3 այլ բնակիչներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Վերջինս ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից` 2011 թ. մարտին` 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին ֆրանսիական կողմի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:

Դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով դիտավանցիներին 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Ս. Սարգսյանի վկայությամբ, ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշ»-ը հնձի շրջանում իրենց պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, եւ ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ: Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ:
Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշ»-ի ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով: 2014թ. փետրվարի 5-ին դատավոր Արմեն Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի, սկզբնական եւ հակընդդեմ հայցերով բռնագանձման ենթակա գումարների հաշվանցի արդյունքում «ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Սամսոն Ալիխանյանի՝ 221 հազար 500 դրամ պատճառված վնասի եւ 2930 դրամ պետական տուրքի գումար: Մեր տեղեկություններով՝ 2013թ. «ՀիմաՏավուշ»-ը 700 հազար դրամ է փոխանցել նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի սեփականությունը հանդիսացող «Տավուշ» հեռուստաընկերությանը, սակայն զլանում է վճարել դիտավանցիների հասանելիք գումարը: Այս գործը Վճռաբեկ դատարանում կքննվի հունիսի 26-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս