ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ

Երեւանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքն այսուհետ ունենալու է նաեւ գլխավոր ռեժիսոր: Այդ պաշտոնը զբաղեցնելու է Ռուբեն Հովհաննիսյանը, ով հասարակությանը հայտնի է «Արմենիա» հեռուստաընկերությունից, որտեղ ժամանակին վարում էր հեռուստահաղորդումներ: Մայրաքաղաքի գլխավոր ռեժիսորի աշխատավարձը կազմում է 196 հազար դրամ: Այսպես շարունակվելու դեպքում առաջիկայում պետք է սպասել նոր հաստիքացուցակի, օրինակ՝ Երեւանի գլխավոր աղբահավաք կամ Երեւանի գլխավոր վարորդ:

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՇՈՒՆԸ

Իհարկե, ընկերներին չեն գնում: Սակայն եթե այդ ընկերը շուն է, ապա նման ընկերության գինը կարող է բավականին բարձր լինել: «Hong Dong» անունով տիբեթյան կարմիր մաստիֆ ցեղատեսակի շունը դարձել է ամենաթանկն աշխարհում: Այն 1.5 մլն դոլարով գնել է Յանգ անունով Չինաստանի ածխի մի մագնատ: Շունը եւ նոր տերն ընկերացել են առաջին իսկ հայացքից: Վաճառքի պահին շունը եղել է 11 ամսական, իսկ քաշը՝ մոտ 80 կգ: Նման ցեղատեսակի շան համար անհրաժեշտ է մեծ տուն, քանի որ այս տեսակի շների քաշը կարող է հասնել մինչեւ 130 կգ, իսկ հասակը՝ 1 մետր:

ԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ՝ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ

«Like a Rolling Stone» երգի տեքստը, որը գրվել է հեղինակ Բոբ Դիլանի ձեռքով, «Sotheby՚s» աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային` 2 մլն դոլարով: XX դարի ամենաազդեցիկ երգերից մեկի նոր սեփականատիրոջ անունն անհայտ է: Նշվել է, որ երգի տեքստի գինն աճուրդում հասել է ամենաբարձր սահմանին: «Like a Rolling Stone» կոմպոզիցիան սինգլի տեսքով լույս է տեսել 1965 թվականի հուլիսի 20-ին: Այս երգի շնորհիվ Դիլանին հաջողվել է երեք ամիս մնալ ամերիկյան երաժշտական թեժ տասնյակում եւ հասնել երկրորդ հորիզոնականին «Բիթլզ»-ի «Help» սինգլից հետո:




Լրահոս