Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Հանրապետության Նախագահը գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների, շնորհավորել նրանց ուսումնական շրջանն ավարտելու և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն և մասնագիտական հաջողություններ:
«Այսօր ձեզնից մի մասը ստացավ դիպլոմներ, մյուս մասն, անպայման, այսօր վաղը կստանա կամ, միգուցե, արդեն ստացել է, բայց վստահությամբ ձեզ ասում եմ, որ դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: Մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են կամ այդ կոչումը վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործումով: Դուք ընդամենն այսօր իրավունք եք ստացել դպրոց մտնելու, դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին դուք պետք է շատ ջանք ներդնեք: Ասածս հետևյալն է՝ ձեզ համար ավարտվել է ընդամենը ուսումնական այս շրջանը, այս փուլը, և դրանով ոչ թե ավարտվում, այլ միգուցե սկսվում է ուսումնառության ամենատևական փուլը: Մարդ ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, պետք է գիտելիք ձեռք բերի, հակառակ պարագայում՝ այդ մարդը չի կարող գոհ լինել կյանքից, այդ մարդը չի կարող հաշտ լինել ինքն իր հետ, չի կարող շատ մեծ օգուտ տալ հասարակությանը: Բոլորդ գիտեք, որ մեր ժողովրդի մեծերը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև Խաչատուր Աբովյան, եղել են կա՛մ ուսուցիչներ, կա՛մ ուսուցչապետեր: Նույնիսկ այն մեծերը, ովքեր անձամբ չեն դասավանդել, սերունդների համար եղել և կոչվել են ուսուցիչներ: Ձեր մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են: Խնդրում եմ սա ևս հաշվի առնել: Վաղը, երբ դուք մտնեք դասարան և հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված են հետաքրքրասիրությամբ, հիշեք, որ այդ երեխաները իրենց ծնողների, իրենց Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են, և հիշեք, որ այդ աչքերով ձեզ է նայելու վաղվա Հայաստանը:
Այսօր այստեղ առաջին անգամ ուզում եմ հրապարակավ հնչեցնել, որ Հայաստանի իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատրաստել են և ուսումնական տարվա սկզբին, այսինքն` ամռան վերջին, մենք հանդես կգանք մի մեծ ու կարևոր, պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության և հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որովհետև մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, վերջին շտրիխներն ենք ավելացնում և ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրի մասին:
Սա ձեզ համար հնարավորություն է, լավ հեռանկար՝ աշխատելու սիրած մասնագիտությամբ և կայանալու:
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ուսումնական այս շրջանն ավարտելու կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ անձնական երջանկություն ու նաև մասնագիտական հաջողություններ: Եվ մեկ անգամ ևս հիշեք՝ ձեր այդ հաջողություններից է կախված Հայաստանի ապագան»,-շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հանրապետության Նախագահին է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Այն գերատեսչական ամենահին մեդալն է Հայաստանում և ունի 70 տարվա պատմություն: