«Դիլիջան Ֆրոլովան» վաղուց Բաղդասարովինը չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը, օգտվելով Grav.am կայքում տեղադրված ինֆորմացիայից, լուր էր հրապարակել, թե «Դիլիջան Ֆրոլովա» ընկերությունը վաճառքի է հանել հանքային ջրերի շշալցման իր արտադրամասերից մեկը, որ գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

Արտադրամասի գինը, ըստ grav.am-ի, 1 միլիարդ 140 միլիոն դրամ է: Գույքը ձեռք բերելու նպատակով բանկը գնորդին կտրամադրի ցածր տոկոսադրույքով 7 երկարաժամկետ վարկ:

Թերթը հիշեցնում է նաև, որ «Դիլիջան Ֆրոլովան» պատկանում է գործարար Միխայիլ Բաղդասարովին, ով վերջին շրջանում հերթով վաճառում է իր սեփականությունը հանդիսացող տարբեր ձեռնարկությունների:

Իրականում «Դիլիջան Ֆրոլովան» վարձակալում է այդ տարածքը, և վաճառքը ընկերության հետ առնչություն չունի:

Armlur.am-ին այսպիսի պարզաբանում տվեցին տարածքի տնօրինությունից` հայտնելով, որ սեփականատերն ուրիշ անձ է:

«Հիմա կոնկրետ որպես անշարժ գույք տարածքն է վաճառվում: «Դիլիջան Ֆրոլովան» ուղղակի վարձակալ է այս պահին: Իրենց ընկերության հետ կապ չունի: Սեփականատերն ուրիշ մարդ է»,- հայտնեց Մուրադյան ներկայացած աշխատակիցը:

Մեր հարցին` արդյոք Միխայիլ Բաղդասարովի մասին է խոսքը, աշխատակիցը պատասխանեց. «Դե դրանք տարբեր մարդկանց մարդկանց են պատկանում` թե՛ Դիլիջանը, թե՛ էդ տարածքը»:

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Միխայիլ Բաղդասարովը տարիներ առաջ է վաճառել ընկերությունը, և այն վաղուց իրեն չի պատկանում:

Թարմացնելու համար շատերի հիշողությունը՝ նշենք, որ տարիներ առաջ բենզինի և մյուս հեղուկ վառելանյութերի ներմուծման բնագավառում մենաշնորհը պատկանում էր Բաղդասարով Միշայի գլխավորած «Միկա-Արմենիա» ընկերությանը:

Տնտեսության ոլորտների բաժանումը նույնպես ժամանակին իրականացնում էր Բաղդասարովը: Նախ սույն «գործարարը», առանց ավելորդ դժվարությունների, մասնավորեցրեց Հրազդանի ցեմենտի գործարանը, որից հետո կառավարությունը լծվեց այդ ոլորտի մյուս արտադրողին՝ «Արարատցեմենտին» շուկայից դուրս մղելու գործին: «Միկա-Արմենիան» ավելի ուշ մուտք գործեց նաև հանքային ջրերի արտադրության ոլորտ, որից հետո Հանրային հեռուստատեսության եթերից սկսվեց գովազդվել միայն վերջինիս արտադրած «Դիլիջան-Ֆրոլովա» հանքային ջուրը:

Սակայն 2001 թվականին Բաղդասարովի համար ամենահաջողված «գործարքը» «Հայխնայբանկի» մասնավորեցումն էր:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս