ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՍ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂ ՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Parliamentmonitoring.am կայքը հրապարակել է ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի (09.09.2013) տվյալները, որտեղ ներկայացված է, թե հայրենի օրենսդիրներն ինչ գործունեություն են ծավալել այս ընթացքում: Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ այս նստաշրջանի ընթացքում ամենաշատը բացակայած պատգամավորների եռյակը գլխավորում են ԲՀԿ-ականները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը: Իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավորներն աչքի են ընկել ամենաշատ կողմ քվեարկություններով. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Հայկ Գրիգորյանը, Ռազմիկ Զոհրաբյանն ու Մկրտիչ Մինասյանն ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորներն են:

Ներկայացնենք նաեւ հաջորդ «անվանակարգերը»: ԱԺ ամբիոնից ամենաշատը ելույթներ ունեցել են ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը (86), ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը (68) եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը (59): Իսկ ամենաշատը «դեմ» են քվեարկել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը:
Ներկայացված տվյալների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պատգամավորների հետ:

ԱԺ ԲՅԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Պարո՛ն Արսենյան, Դուք ընդգրկվել եք այն պատգամավորների եռյակում, ովքեր ամենից հաճախ են բացակայել ԱԺ նիստերից: Խնդրում եմ նշել, թե որն է եղել Ձեր բացակայությունների պատճառը:
-Իսկ Դուք կարծում եք, որ ուրիշ պատգամավոր չկա՞, որն ավելի շատ է բացակայել ԱԺ նիստերից, քան ես:
-Ըստ Parliamentmonitoring.am կայքի տվյալների՝ Դուք ամենաշատը բացակայած պատգամավորների եռյակում եք:
-Իսկ Դուք քանի՞ անգամ եք տեսել, որ ես բացակայել եմ ԱԺ նիստերից, ինչի՞ մասին է խոսքը: Խոսքն այն մասին է, որ, ասենք, ես հիվանդ եմ եղել, քվեարկությանը չեմ եղել, ու այդ օրը շատ քվեարկություն է եղել: Ես համապատասխան թղթերը ներկայացրել եմ, ինչի՞ մասին է խոսքը: Ես, երբ հիվանդ եմ եղել, չեմ եկել, ընդամենը այդքանը:
-Այսինքն՝ Դուք բացակայության հարգելիությունը փաստող տեղեկանք եք ներկայացրել ԱԺ:
-Ես համապատասխան փաստաթուղթ եմ ներկայացրել՝ բժշկի: Դե ի՞նչ անենք, թող նշեն, բացակայությունները վերաբերում են քվեարկություններին: Իրենք այդ քվեարկությունները բերում են ու դնում մեկ օրվա մեջ, ասենք՝ առավոտյան 20 հատ քվեարկություն, ու եթե Աստված չանի, դու հիվանդ եղար, չկարողացար գալ, ու դու բարեխղճորեն մասնակցել ես նիստերին, չգիտեմ ինչերին, ինչերին ու այդ մեկ օրը հիվանդացար, նշանակում է, որ դու դարձար ոչ պարտաճանաչ պատգամավո՞ր: Նման մի բան եղել է, մի քվեարկություն կար, որի օրը ես հիվանդ եմ եղել, ինչի համար էլ բժշկական տեղեկանք եմ ներկայացրել: Այնպես որ, իրենց հետաքրքրասիրությունն անհասկանալի է: Ես մի բան կարող եմ հստակ նշել, որ ես երբեք չեմ լինում հայտարարությունների ժամին, երբեք չեմ լինում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
-Իսկ ո՞րն է պատճառը:
-Չեմ լինում, որովհետեւ դա սկզբունքային հարց է: Մի բան էլ նշեմ. ԱԺ ղեկավարության կողմից որոշում կա, որ այն պատգամավորներից, որոնք ունեն անհարգելի բացակայություններ, պահումներ են արվում: Իսկ իմ դեպքում նման բան չկա: Ինչի հիման վրա էլ կարող եք ինքներդ եզրակացություն անել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մինասյան, Դուք այս նստաշրջանում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորն եք: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Դե բնական է, ես ներկայացնում եմ Հանրապետական կուսակցությունը, բնականաբար, ամենաշատը ես պետք է կողմ քվեարկեի այն բոլոր օրենսդրություններին, որոնք մենք ենք ներկայացնում: Կողմ, թե դեմ՝ էական չէ, ես բոլոր քվեարկություններին մասնակցել եմ, երեւի դա պետք է ասել:
-Բայց այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ն «դակիչի» դեր է կատարում՝ ի դեմս մշտապես կողմ քվեարկող պատգամավորների:
-Ես դակող չեմ, ես կոճակ սեղմող չեմ, ես քվեարկում եմ իմ կուսակցական պատկանելության, իմ խղճի մտոք: Եթե կողմ եմ քվեարկել, դա չի նշանակում… Եթե ուշադի՛ր լինեք, կտեսնեք, որ դեմ էլ եմ քվեարկել: Ես կոճակ սեղմող չեմ, եթե Դուք այդպես եք ուզում ներկայացնել… Ես կուզենայի, որ Դուք իմանաք, որ ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ եւ իրականացնում եմ ՀՀԿ գաղափարախոսությունն ու քաղաքականությունը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս