ՍԻՐՈՒՇՈ ԵՎ ՍԱԿԻՍ ՌՈՒՎԱՍ
Երգչուհի Սիրուշոն հանրությանն է ներկայացրել իր եւ հույն հայտնի երգիչ Սակիս Ռուվասի «Տես» կոչվող դուետի անոնսը: Հիշեցնենք, որ Սիրուշոն eurovision.tv կայքի հետ զրույցում պատմել է Սակիսի հետ համագործակցության մասին. «Հայերն ու հույները շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ շատ զգացմունքային են: Մենք հեշտությամբ տխրում ու բարկանում ենք, բայց լավ ուրախանալ էլ գիտենք: Հույներն ու հայերն աշխարհի ամենահին ազգերից են: Մեր երկրների ընկերությունը երկար պատմություն ունի, որն էլ եւս մեկ անգամ կդրոշմենք մեր երգով: Իմ եւ Սակիսի նպատակն է լավ տրամադրություն փոխանցել հադիսատեսին, երջանկացնել եւ ստիպել մի քանի րոպեով մոռանալ բոլոր հոգսերը»:
Խոսելով Սիրուշոյի հետ համագործակցության մասին` Սակիս Ռուվասն էլ իր հերթին ասել է. «Ես, իսկապես, շատ ուրախ եմ եւ ոգեւորված մեր համագործակցության համար: Սիրուշոն հոյակապ արտիստ է, մենք՝ որպես արտիստներ, շատ ենք սազում իրար: Հուսով եմ` դուք եւս կհավանեք այս երգն այնպես, ինչպես մենք ենք հավանում»:
ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ ԿԱՆԱՅՔ
Ըստ Eastern Eye հեղինակավոր ամսագրի, որը հրապարակում է Մեծ Բրիտանիայի ասիական համայնքը, բոլիվուդյան դերասանուհի Կատրինա Կաիֆը գլխավորել է Ասիայի ամենասեքսուալ կանանց աղյուսակը: Նախորդ տարվա հաղթող, դերասանուհի Պրիյանկա Չոպրան այս տարի զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Հատկանշական է, որ ցուցակի առաջին 5 հորիզոնականները զբաղեցրել են միայն հնդիկ դերասանուհիներ: Վարկանիշային աղյուսակը կոչվում է «Ասիայի 50 ամենասեքսուալ կանայք» եւ հրապարակվում յուրաքանչյուր ձմեռ: Նշենք, որ Ասիայի ամենասեքսուալ կինն ընտրվում է համացանցային քվեարկության արդյունքում:
ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ
History Channel հեռուստաալիքը Հիսուս Քրիստոսի մասին բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներ է սկսել: Ֆիլմը Հիսուսին կներկայացնի 13-30 տարեկան հասակում՝ սարսափ ֆիլմի ձեւաչափով: Ֆիլմի սցենարիստը Սքոթ Քոզարն է, որը հայտնի է «Թեքսասյան սպանդ բենզասղոցով», «Մեքենագործը», «Խելագարները» եւ այլ ֆիլմերից: Նախագծով կզբաղվեն նաեւ սարսափ ժանրում փորձառու պրոդյուսերներ Էլայ Ռոթը եւ Էրիկ Նյումանը: «Կորսված տարիների» սյուժեն կհիմնվի Աստվածաշնչից քաղված պատմությունների վրա, որոնցում խոսվում է Հիսուսի՝ հիվանդներին առողջացնելու, մարդկանց միջից դեւերին արտաքսելու եւ մեռածներին կենդանացնելու ձիրքի մասին: