ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ…

Կարծես թե երկրի կարեւորագույն տնտեսական, սոցիալական հարցերն արդեն լուծվել են, եւ իշխանավորներն սկսել են սպորտի վրա իրենց ազդեցությունը մեծացնելու քայլեր ձեռնարկել։ Եվ պատահական չէր, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԱԽՔ) Արթուր Բաղդասարյանը վերջերս ընտրվեց վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Իհարկե, ՀԱՕԿ-ն այդ ընտրությունը համարեց ոչ օրինական, եւ հենց դրան ի պատասխան՝ վերջերս տարածվեց մի ընդարձակ հաղորդագրություն վոլեյբոլի ֆեդերացիայի նիստի վերաբերյալ։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տեղեկացրել էր, որ Ա. Բաղդասարյանը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի տնօրենի, վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Իրանի, Բուլղարիայի, Սլովակիայի, Վրաստանի, Ղազախստանի ֆեդերացիաների նախագահների կողմից: Իսկը նախագահական շնորհավորանքներ, իսկը ՕԵԿ-ական ոճ։ Նաեւ նշված էր, որ ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիան դիմել է վոլեյբոլի արեւելյան Եվրոպայի երկրների գոտային ասոցիացիային միանալու առաջարկով, որի մեջ ընդգրկված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, (ուշադրություն) Ադրբեջանի եւ Վրաստանի վոլեյբոլի ֆեդերացիաները: Քննարկվել են նաեւ կազմակերպչական, կադրային, ինչպես նաեւ եկող տարվա խաղացանկի հետ կապված հարցեր։
Ոմանք կմտածեն, որ ՕԵԿ նախագահն իր լծակներով այնպես կզարգացնի վոլեյբոլը, այնպես… Բայց ոմանք էլ վախենում են, որ մի օր կարող է ֆեդերացիան կոալիցիոն հիմունքներով միացնել ՀՀԿ նախագահի շախմատի ֆեդերացիային: Չնայած, մեր կարծիքով, վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը պետք է ստանձներ ՀՀ վարչապետը. նա վոլեյբոլ շատ է սիրում, եւ մինչ երկիրն ընկղմվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, նա օրումեջ խուլուհամրերի մշակույթի տան դահլիճում վոլեյբոլ էր խաղում։ Բայց վարչապետը վարչապետ է, միայն այդ մարզաձեւով չի բավարարվում, եւ բոլորովին վերջերս անցկացվեցին ֆուտբոլի, ապա հանդբոլի՝ ՀՀ վարչապետի գավաթի խաղարկությունները։ Ահա այսպես ուրախ-զվարթ էլ ապրում ենք։

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Երեկ Անթալիայում ավարտվեց շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը։ Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն եւ դուրս մնաց նաեւ մրցանակային եռյակից։ Եզրափակիչ տուրի մյուս մրցակից զույգերն էին՝ Ռուսաստան-Եգիպտոս՝ 2,5-1,5, Չինաստան-Թուրքիա՝ 3-1, ԱՄՆ-Հոլանդիա՝ 2-2, Ադրբեջան-Գերմանիա՝ 1-3: Ներկայացնում ենք ամփոփիչ աղյուսակը` 1. Ռուսաստան՝ 15, 2. Չինաստան՝ 14, 3. Ուկրաինա՝ 14, 4. ԱՄՆ՝ 10, 5. Հայաստան՝ 10, 6. Հոլանդիա՝ 9, 7. Գերմանիա՝ 8, 8. Ադրբեջան՝ 5, 9. Թուրքիա՝ 3, 10. Եգիպտոս՝ 0:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս