ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ»

Բաս բարիտոն Մուրադ Ամիրխանյանը դեկտեմբերի 8-ին Փարիզի «Գավո» համերգասրահում համերգ կտա՝ նվիրված 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այդ մասին գրում է «Nouvelles d՚Armenie» ամսագիրը:
Երգիչն այդ առիթով արած իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Ես տեսել եմ երկրաշարժը (Գյումրիից եմ) եւ կորցրել իմ ընտանիքը 12 տարեկանում: Ես ֆրանսիացի եւ հայ արտիստներ եմ հավաքել՝ զոհերին եւ ողջերին հարգանքի տուրք մատուցելու համար: Սա բոլոր նրանց համար է, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նվիրատվությունների տեսքով, գործողություններով եւ մտքերով: Սա Ֆրանսիային եւ Ֆրանսիայի հայ համայնքին շնորհակալություն, խորին երախտագիտություն հայտնելու միջոց է՝ եղբայրական համերաշխության համար»։

 

 

ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌՎԵՑԻՆ

Ավանդույթի համաձայն՝ Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Ռոքֆելլեր կենտրոնում, վառել են ԱՄՆ-ի Սուրբ ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը: 23 մ բարձրությամբ անտառային գեղեցկուհին աճել է Կոնեկտիկուտ նահանգում. այս տարի այն զարդարել են 45 հազար գույնզգույն լամպերով, որոնք պաշտոնական արարողության ժամանակ վառել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Ռոքֆելլեր կենտրոնում տոնածառ տեղադրելու ավանդույթը ստեղծել են կենտրոնը կառուցած իռլանդացի շինարարները Մեծ դեպրեսիայի տարիներին: 1931-ին առաջին տոնածառի զարդերը կոնֆետներն էին, թղթե շղթաները, ինքնաշեն զարդարանքները եւ նույնիսկ պահածոյի թիթեղյա տուփերը: Հետաքրքրական է, որ ամեն տարի տոնածառը Նյու Յորքին նվեր է մատուցվում: Այս տարի նվերն արել է Վարգոշ ընտանիքը Կոնեկտիկուտ նահանգից: Տոնական արարողությունն ուղեկցվել է Թոնի Բրեքսթոնի, Քելլի Կլարկսոնի, Արիանա Գրանդեի եւ այլոց ելույթներով:




Լրահոս