«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀԱՅԿՈՆ ԻՆՁ Է ՎՍՏԱՀԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված երգչուհի Էմմին չցանկացավ խոսել անձնական կյանքից, եւ մեր զրույցը ծավալվեց նրա ծրագրերի, ինչպես նաեւ շոու բիզնեսում, հասարակական կյանքում ծավալվող իրադարձությունների շուրջ։

-Տարին սկսեցի մեծ շրջագայություններով, նկարահանվեց «Ծիածան/Քեզ գտա» երգի տեսահոլովակը, մասնակցեցի տարբեր համերգների, նախագծերի, եւ այժմ էլ Դավիթ Բադալյանի հետ աշխատում ենք նոր ձայնասկավառակի վրա: Քանի որ առջեւում Ամանորն է, ձայնասկավառակում տեղ են գտել Արթուր Գրիգորյանի ամանորյա ամենագեղեցիկ եւ հայտնի երգերը: Այն շատ շուտով պատրաստ կլինի հանրության դատին ներկայացնելու:
-Դուք նշել էիք, որ շուտով երկրպագուներին նոր երգ կներկայացնեք՝ «Սիրելով հեռանում եմ», որի խոսքերը գրել է Սիլվա Հակոբյանը:
-Այո՛, աշխատանքներ են տարվում «Սիրելով հեռանում եմ» երգի վրա, որի տեսահոլովակը, հավանաբար, էկրաններին կլինի 2014թ. առաջին կեսին: Ինչ վերաբերում է խոսքերի հեղինակին, ապա նշեմ, որ առաջին դեպքը չէ, երբ Սիլվա Հակոբյանը երգի խոսքեր է գրում…
-Հայկոյի հետ, այսպես ասած, մարզում եք «Հայաստանի ձայն»-ի մասնակիցներին, դա ինչպե՞ս է ստացվում: Ընդհանրապես ի՞նչ կարծիք ունեք այդ նախագծի, մասնակիցների վերաբերյալ։
-Ըստ նախագծի կանոնակարգի` մարզիչը պետք է իր ընկերներից մեկին հրավիրի որպես իրեն օգնական: Ես շատ ուրախ եմ, որ Հայկոն այս հարցում ինձ է վստահել: Շատ լավ կարծիք ունեմ նման նախագծերի վերաբերյալ, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին երեւալ էկրաններին թեկուզ երեքրոպեանոց երգով: Եվ կոչ եմ անում մեր հեռուստաընկերություններին, որ այդպիսի նախագծերը շատ լինեն:
-Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ»-ը, շուտով կսկսվեն մեծերի «Եվրատեսիլ»-ի շուրջ քննարկումները: Ընդհանրապես արժե՞ մասնակցել նման մրցույթների, հատկապես եթե նկատի ունենանք, որ շատ երկրներ այս տարի այն բոյկոտում են ավստրիացի տրանսվիստիտի մասնակցության պատճառով: Բացի այդ` մի՞թե դա թանկ հաճույք չէ մեզ նման երկրի համար։
-Չեմ կարծում, որ պետք է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել նման շոուներին, որոնք մեզ պես փոքր պետություններին հնարավորություն են տալիս հանդես գալ ամբողջ Եվրոպայի եւ շատ ու շատ այլ երկրների առաջ: Պետք է ուրախ լինենք, որ հնարավորություն ունենք թեկուզ միայն մասնակցել նման մեծ լսարան ունեցող շոուներին: «Մանկական Եվրատեսիլ»-ից ունեմ ֆավորիտ՝ Վրաստանի խումբը. շատ գեղեցիկ ելույթ էր եւ ինձ շատ դուր եկավ: Ողջունում եմ նաեւ մեր երեխաներին լավ ելույթի համար: Ինչ վերաբերում է թանկ հաճույքներին, կարծում եմ՝ վատ բան չէ մեծ գումարներ ծախսել այն արտիստների համար, ովքեր պետք է ներկայացնեն մեր երկիրը միջազգային հարթակում:
-Շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ մասնակցում են քաղաքացիական ակցիաների, ի՞նչ կարծիք ունեք այդ ամենի մասին եւ ինչո՞ւ չեք մասնակցում դրանց։
-Շատ ուրախ եմ, որ ամեն մարդ կարողանում է իր ժամանակից տրամադրել նաեւ մեր երկրին եւ ժողովրդին հուզող հարցերին: Երբեւէ չեմ խորացել քաղաքականության մեջ, սակայն շատ ուշադիր հետեւում եմ այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում, եւ շատ ուրախ եմ, որ մարդիկ այսօր կարողանում են բարձրաձայնել իրենց դժգոհությունների մասին եւ պայքարում են ժողովրդի շահերի համար:
-Միհրանի հետ սերտորեն համագործակցում էիք «Եվրատեսիլ»-ից առաջ եւ հետո: Ի՞նչ եղավ այդ համագործակցությունը։
-«Եվրատեսիլ»-ը վաղուց անցյալում է: Իմ եւ Միհրանի համագործակցությունից ստեղծված երկու երգերն էլ («Hey» եւ «Run away») մեծ սեր են վայելում համացանցում: Ինչ վերաբերում է իմ եւ Միհրանի հարաբերություններին, պետք չէ մեր ընկերությունը կապել միայն «Եվրատեսիլ»-ի հետ, քանի որ մեզ համար մեր ընկերությունն ավելի կարեւոր տեղում է գտնվում, քան որեւէ շոու:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս