Ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որ Արմավիրի Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը հղի կնոջը կեսարյան հատում կատարելու համար նրա սկեսուրից կաշառք է պահանջել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառք՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), Արմավիրի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեղադրական եզրակացությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ 64-ամյա Ն.Գ-ն, աշխատելով Արմավիրի Բժշկական կենտրոն ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ և հանդիսանալով առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայող, 2014թ. փետրվարի 25-ին մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար հղի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի Ալինայի սկեսուրից կաշառք է պահանջել:
Նախաքննական մարմինը պարզել է նաև, որ բաժանմունքի վարիչը, մերժում ստանալով, հրաժարվել է Ալինային բուժօգնություն ցուցաբերել:
Բժիշկ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել: