«Արմավիր» ԲԿ-ում բարձիթողի վիճակը շարունակվում է. աշխատակիցները կրկին ահազանգում են` աշխատավարձերից պահումներ են անում` նախկին տնօրենի պարտքը մարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը դեռևս մայիս ամսին գրել էր, որ «Արմավիր» բժշկական կենտրոնում աշխատողներից պահումներ են կատարվում: Պատճառը ԲԿ-ի կուտակած պարտքերն էին: Այն ժամանակ մեզ ահազանգած աշխատակիցները պատմել էին, որ 2012 թվականից սկսած` ԲԿ-ում տեղի են ունեցել անօրինական պահումներ` պատճառաբանելով, թե իբր կենտրոնը սնանկ է, և օրենքով պետք է նման պահումներ կատարվեն: Բարձրացված աղմուկից հետո այն պայմանագրերը, որոնք ստիպում էին ստորագրել աշխատակիցներին, հետ էին վերցվել: Եվ այսօր բժշկական կենտրոնի աշխատողները կրկին հայտնվել են նույն իրավիճակում: Տնօրեն Սարգիս Հարությունյանը նիստ է հրավիրել, որի ժամանակ աշխատողներին զգուշացրել է, որ պահումները կատարվելու են:

«Մենք նորից հայտնվել ենք նույն իրավիճակում: Աշխատողներից կրկին պահումներ են կատարվում` 30 տոկոս, 20 տոկոս: Եվ այս անգամ պահումը կատարվում է նրա համար, որ ԲԿ-ի նախկին տնօրեն Նշան Գևորգյանի աշխատավարձը հետ տան: Նրան 2014 թվականին աշխատանքից ազատեցին` պատճառաբանելով, որ շատ խախտումներ է կատարում: Սակայն օրենքով նրան պետք է 3 անգամ նկատողություն տային, հետո նոր աշխատանքից ազատեին: Բայց մարզպետը հրամայել է միանգամից աշխատանքից ազատել: Նա էլ դիմել էր դատարան` իրեն անօրինական կերպով աշխատանքից ազատելու համար և պահանջել վճարել իր աշխատավարձը` 2014-ից մինչ այսօր: Գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ: Հիմա մեզանից պահումներ են կատարվում, որպեսզի վճարեն դատարանի որոշմամբ պարտադրված գումարը: Մենք տնօրենին առաջարկեցինք` մեկ անգամ բոլոր աշխատողներով հավավքենք, գումարը վճարենք, սակայն նա հրաժարվեց»,- պատմեց «Արմավիր» ԲԿ-ի աշխատակիցը:

Armlur.am-ի հետ զրույցում «Արմավիր» ԲԿ-ի տնօրեն Սարգիս Հարությունյանը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս վրդովված պատասխանեց մեր հարցերին. «Ես տեղյակ եմ պահել, որ 2 ամիս հետո իրավունք ունեմ 10 տոկոս ավել տալ կամ 10 տոկոս պակաս: Որոշումը դեռ քննարկման մեջ է, ժողովն է որոշում: Եթե որոշում են, որոշում են, եթե ոչ, կադրերի կրճատում կգնա: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք իրենց ասել ենք, որ առաջարկություններ անեն: Իրենք առաջարկություններ են արել: Այնպես որ, չգիտեմ` ով է բողոքել»:

ԲԿ-ի նախկին տնօրեն Նշան Գևորգյանի` դատարան դիմելու, դատը շահելու և իրենց ախատավարձի վճարումը պարտավորեցնելու վերաբերյալ Սարգիս Հարությունյանը խուսափեց կոնկրետ մեկնաբանություն տալ: «Նա չի ստանա իր աշխատավարձը, որովհետև մենք դատարան ենք տալու: Բողոքարկելու ենք վճիռը: Նոր փաստեր են ի հայտ եկել, և մենք նորից դիմելու ենք դատարան»,- ասաց տնօրենը և չմանրամասնեց, թե ինչ նոր փաստերի մասին է խոսքը. «Չեմ կարող ասել, աղջի´կ ջան, զբաղված եմ, դավա´յ»: 

Կապ հաստատեցինք նաև բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նշան Գևորգյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեր հարցերին պատասխանել. «Ես ձեր հարցերին չեմ պատասխանում»:

Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը առաջարկեց գրավոր հարցում ուղարկել, քանի որ ինքը բանավոր որևէ հարցի չի պատասխանում: Հարցման պատասխանը ստանալուն պես` այն կհրապարակենք:

Վերջում ավելացնենք, որ ոլորտի պատասխանատու Առողջապահության նախարարությանը կարծես չեն հետաքրքրում բժշկական կենտրոններում կատարվող իրադարձությունները: Դեռևս ամիսներ առաջ, երբ այս մասին բարձրաձայնվեց, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեզ պատասխանեց, թե նախարարությունն իրականացնում է որակական վերահսկողություն: Իսկ բժշկական կենտրոնի պարտքերի մասին նախարարը տեղյակ չէր: 

Հավելենք` «Արմավիր» ԲԿ-ի կրեդիտորական պարտքերը, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ, կազմել են 87 մլն 117 հազար դրամ, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 7 մլն 914 հազար դրամ: 2015-ին ԲԿ-ի պարտքի ավելացման հիմնական պատճառները, ըստ մարզպետարանի, դեղորայքների և բժշկական պարագաների գների թանկացումն է եղել, պետպատվերով հատկացվելիք գումարի կրճատումը, հունվար-մարտ ամիսներին էլեկտրաէներգիայի ծախսի ավելացումը, աշխատավարձի ֆոնդի ավելացումը և այլն: Ընթացիկ տարում կենտրոնն աշխատել է վնասով, որի կանխարգելման ուղղությամբ կատարվում են միջոցառումներ:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս