Ագրարային համալսարանն ու ՕԵԿ-ը տարածքային խնդիր ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2006 թ. դեկտեմբերի 28-ին Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն եւ կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են համալսարանին: ՀԱԱՀ-ն այդ օրից համարել եւ համարում է, որ այս տարածքները վիճելի չեն կարող լինել եւ քննարկման ենթական չեն:

Մայիսի վերջից սկսած, այս իրադարձությունները մամուլում քննարկման առարկա են դարձել եւ սկսվել են ոչ թե Ագրարայինից, այլ` ՕԵԿ-ի գործողություններից` պետական սեփականություն հանդիսացող, համալսարանին օգտագործման հանձնված շինության տանիքը ապամոնտաժելուց հետո:

Բնականաբար, այդ քայլերը չէին կարող անարձագանք մնալ համալսարանի կողմից եւ փորձեցին պարզել, թե ինչ հիմքով է ՕԵԿ-ը պետական սեփականություն հանդիսացող գույքը ապամոնտաժում: Պարզվեց, որ 2008-ի նոյեմբերին, քաղաքապետը անտեսելով կառավարության վերը նշված որոշումը, ՕԵԿ-ին է հանձնել սեփականության իրավունքով շինության մի հատվածը եւ կից հողատարածքը: Գործող օրենսդրությամբ քաղաքապետարանը այդպիսի լիազորություններ չունի: Պետական գույքի կարգավիճակի փոփոխություն կարող է իրականացնել միայն ՀՀ կառավարությունը` որոշմամբ:

Ի դեպ, քաղաքապետի 2008թ. որոշման մասին համալսարան տեղեկություն չի ուղարկվել եւ այդ մասին իմացել են միայն 6 տարի հետո: Համալսարանի ռեկտորատը, նույնիսկ եթե հակադրվի ամբողջ կոլեկտիվին եւ ուսանողությանը, ամենաբուռն ցանկության դեպքում անգամ, իրավասու չէ պետական գույքը օտարելու եւ պարտավոր է իրեն հանձնված գույքը պահպանելու: Քանի որ առաջացել է իրավական դաշտում հարց, ապա դրա լուծումը կտրվի միայն գործող օրենսդրությամբ: Կապել այն քաղաքական կողմնորոշումների հետ բարոյական չէ: Համալսարանը ապաքաղաքականացված կառույց է եւ որեւէ փորձ` ներքաշել այդ դաշտ, անթույլատրելի է եւ հակասում է գործող օրենսդրությանը:

Եվ քանի որ ռեկտորը այս ոլորտում իրավասու չէ որեւէ հարց լուծելու, խոսել նրա թիկունքում կանգնած անձանց մասին, անհեթեթություն է:

ՀԱԱՀ լրատվության բաժին




Լրահոս