Մի շարք գրողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է. «Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական եւ մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգեւոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, հայրենասիրական գաղափարախոսության կերտման գործում։ Միության անցած ստեղծագործական ճանապարհը հեշտ չի եղել, սակայն գրողը մնացել է մտավորական, հայրենիքի նվիրյալ»։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ միությունն ստեղծվել է դժվարին շրջանում, հայրենի գրականության նվիրյալներ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի եւ մյուսների ջանքերով, իսկ հետագա սերունդները շարունակել եւ զարգացրել են նրանց ստեղծած գրական ավանդույթները՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր երկրի անկախության վերականգնումից հետո։

«Այսօր մեր գրականությունը, ինչպես եւ երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով եւ մարտահրավերներով։ Ձեր առջեւ դրված խնդիրները եւ ́ հին են, եւ ́ նոր։ Հին, որովհետեւ գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետեւ համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության եւ ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», – ասել է Հայաստանի վարչապետը։ Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀԳՄ-ն իր ստեղծագործական ներուժով՝ ի դեմս բանաստեղծների ու արձակագիրների, ձեռնամուխ կլինի այդ բարձր առաքելության իրականացմանը։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաների եւ հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աննախադեպ զարգացմանը, տպագիր գիրքը մշտապես կմնա ընթերցողի հավատարիմ ուղեկիցը եւ կնպաստի մտավոր ու հոգեւոր աշխարհի հարստացմանը: Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում մշտապես աջակցելու է միությանը եւ ստեղծագործական հաջողություններ ու քաջառողջություն մաղթել գրողներին:

Հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար եւ Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀԳՄ անդամներ, արձակագիրներ Վահագն Մուղնեցյանին, Նելլի Շահնազարյանին, Սաթենիկ Մկրտչյանին, Թադեւոս Տոնոյանին, Վահան Սեւանին եւ Ռաֆայել Սահակյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ՀՀ կառավարությունը Հայաստանի գրողների միությանը նաեւ նվիրել է ծառայողական ավտոմեքենա:




Լրահոս