Հայաստանի ըմբիշները նվաճեցին 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 11-ին ավարտվեցին Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունները: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից գերազանց մրցելույթներ ունեցավ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Նա շռնդալից հաղթանակներով մտավ եզրափակիչ և “ոսկու” համար պայքարում առավելության հասավ լիտվացի Էզերսկիս Մինդաուգասի նկատմամբ` նվաճելով չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղը գրավեցին և բրոնզե մեդալակիր դարձան երևանցիներ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Յուրի Պատրիկեևը (ծանրքաշային կարգ): Կողմնակալ մրցավարության զոհ դարձավ երևանցի Ռոման Ամոյանը (55 կգ): Նա հենց մեկնարկում գոտեմարտեց ադրբեջանցու հետ: Երբ մրցավարը, ի նշան հաղթանակի, բարձրացրեց մրցակցի ձեռքը, մեր ըմբիշն արդարության հասնելու նպատակով նստեց գորգին ու պահանջեց վերանայել հանդիպման ընթացքը: Ավաղ, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը անակնկալ որոշում կայացրեց` որակազրկելով Ամոյանին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Մեր մյուս երեք մարզիկները նույնպես անմասն մնացին խաղարկված պարգևներից: Հիշեցնենք, որ ազատ ոճայինների մրցաշարում մեր տղաներից գոհացրեց միայն Դավիթ Սաֆարյանը (66 կգ), ով գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:




Լրահոս