Գագիկ Ծառուկյանը դատարանում հանդե՞ս կգա որպես վկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրավաբան Նարեկ Ալոյանը հայց է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ առ այն, որ ԲՀԿ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն ըստ պատշաճի չի կատարել իր իրավունքներն ու պարտականությունները:

Հունիսի 24-ին նախատեսված առաջին դատական նիստը հետաձգվեց համակարգչի խափանման պատճառով և նշանակվեց օգոստոսի 21-ին:

Դատական նիստին հայցվորը միջնորդություն է ներկայացրել դատարանին այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայանա դատարան որպես վկա:

Armlur.am-ի հետ զրույցում Նարեկ Ալոյանը հայտնեց, որ վերոնշյալի առնչությամբ գրել է բաց նամակ Գագիկ Ծառուկյանին, որով վերջինիս հորդորում է անպայման ներկայանալ դատարան՝ հույս հայտնելով, որ որպես հայ տղամարդ՝ Ծառուկյանը չի խուսափի անձնական պատասխանատվությունից և կներկայանա դատարան։

«Ցավում եմ, որ ԲՀԿ շարքերում չգտնվեց գեթ մեկ անձ, ում ԲՀԿ-ն կվստահեր ներկայացնել կուսակցության շահերը դատարանում, և արդյունքում՝ կուսակցությունը ստիպված եղավ օգնություն հայցել «Էստո» իրավաբանական գրասենյակից։

Մի կողմից, իհարկե, շոյված է իմ մասնագիտական ինքնասիրությունը. ես ընդամենը 23 տարեկան սկսնակ իրավաբան եմ, իսկ այս դատական գործն իմ առաջին դատական գործն է: Բայց, այնուամենայնիվ, որպես հայրենասեր անհատ՝ ցավում եմ, որ իմ երկրի ԱԺ-ում ներկայացվածությամբ երկրորդ կուսակցությունն իր երկրի քաղաքացու հետ դատական վեճում ի զորու չէ ինքնուրույն հանդես գալ դատարանում և դիմում է մասնավոր իրավաբանների օգնությանը։

Իմ հայցին ԲՀԿ լիազորված անձ, փաստաբան Դավիթ Մանթաշյանի ներկայացրած պատասխանը ցույց տվեց, որ դատական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է Գագիկ Ծառուկյանին դատարան հրավիրել։ Ուստի՝ հորդորում եմ նրան չառարկել միջնորդությանը և ինքնակամ ներկայանալ դատարան։

ԲՀԿ դեմ դատական գործ է քննվում դատարանում, և իմ համոզմամբ՝ կուսակցության առաջնորդի կողմից ազնիվ և արժանապատիվ քայլ կլինի դատարան ներկայանալը, սեփական կուսակցության թիկունքին կանգնելը և իհարկե արդարության հաստատմանը նպաստելը։ Ինչևիցե, կարծում եմ՝ օգոստոսի 21-ին կայանալիք դատական նիստը շատ հարցերի պատասխան կտա»,- ասաց հայցվոր Նարեկ Ալոյանը:




Լրահոս