ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ 

Երեկ իշխանական քծնանքի մեկօրյա մրցույթ էր հայտարարված: Վաղ առավոտից պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրար հերթ չտալով շնորհավորում էին Սերժ Սարգսյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձ էին հղել ե՛ւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ե՛ւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, անգամ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանն ու երիտհանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: «Ձեր հոբելյանի մեջ յուրովի խտացված են Հայաստանի անկախության եւ Արցախի ինքնիշխանության հռչակման գործընթացները, հաղթանակներն ու ձեռքբերումները մարտի դաշտում եւ պետական շինարարության մեջ»,- նշված էր Հովիկ Աբրահամյանի ուղերձում: «Որպես երկրի ղեկավար եւ փորձառու քաղաքական-պետական գործիչ, ցուցաբերելով հաստատակամություն, ճկունություն եւ սկզբունքայնություն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, առաջնային համարելով երկրի ու ժողովրդի շահը, Ձեր գործունեությունը մշտապես նպատակաուղղել եք պետության առաջընթացին»,- իր նվիրումն է ցույց տվել Գալուստ Սահակյանը: «Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում»,-գրել է Վազգեն Մանուկյանը, ում Սերժ Սարգսյանը ժամանակին «իդիոտ» էր անվանել: Միակ ընդդիմադիր գործիչը, ով շնորհավորել է Սերժ Սարգսյանին, եղել է Զարուհի Փոստանջյանը, ով իր «շնորհավորանքը» ուղարկել է Պիկասոյի «Ողբերգություն» նկարով բացիկի վրա: «Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, այսօր լրանում է Ձեր ծննդյան 60-րդ տարեդարձը, որի շուրջ 7 տարիներին, բռնազավթելով ՀՀ քաղաքացիների իշխանությունը, Դուք հանդես եք եկել նրանց անունից եւ գործել ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահի»,-գրել է նա՝ մաղթելով «իշխանազրկում, քրեական հետապնդում եւ դատապարտում»: Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն իր 60-ամյակը նշել է Ծաղկաձորում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, կառավարության անդամների ու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ:

 

ԼԱՎԱՏԵՍԸ

Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այժմ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանը կկարողանա Վրաստանում լավ ներկայացնել Հայաստանը: Մեր այն հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի դեսպան նշանակել փորձառու մի անձի, այլ ոչ թե մարզիկի, պատգամավորը պատասխանեց. «Հույս ունեմ, որ նրա մոտ կստացվի, իսկ թե ինչու են հայաստանյան պատգամավորների մի մասը թերահավատորեն մոտենում այս հարցին՝ չեմ կարող ասել, մենք հույս ունենք, որ լավ կլինի»:




Լրահոս