Լյուդմիլա Սարգսյանը պահանջում է չեղյալ համարել ՍԴՀԿ նոր ատենապետ նշանակելու որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում է մինչև 2012թ–ի մարտի 15-ը որոշում կայացնել 14.02.2012թ. կատարված ՍԴՀԿ նոր խմբագրությամբ կանոնադրության և “նոր ատենապետի” մասին տեղեկությունների գրանցումը անվավեր ճանաչելու մասին: Լյուդմիլա Սարգսյանը նաև ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ ընտրություններից առաջ արդեն հիմքեր են ստեղծվում “դրանք կեղծելու համար”: “Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ապօրինի կերպով կատարել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության և նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցում: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացրած դիմումով խնդրել ենք անվավեր ճանաչել 14.02.2012թ. կատարված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության և նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցումը, ներկայացնելով բազմաթիվ փաստաթղթեր ի հաստատումն այն փաստի, որ վիճարկվող գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա”,– ասվում է հայտարարությունում: Լյուդմիլա Սարգսյանը նշում է, որ աակայն մինչ օրս “ոչ միայն չի կայացվել համապատասխան որոշում, այլ նաև միտումնավոր ձգձվում է օրենքով սահմանված ժամկետներում և կարգով որոշում կայացնելու գործընթացը, որը ոչ միայն կուսակցության նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող մտածված հետապնդում է, այլ նաև` Հայ Ազգային Կոնգրեսի կազմում, որպես դաշինք, ընտրություններին մասնակցելու արհեստական խոչընդոտի ստեղծում”: “Կատարված ապօրինության, դրա պարտակման անմիջական պատասխանատուներն են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հրայր Թովմասյանը, իսկ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ նույն ինքը` Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի բարձրագույն ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում այսուհետ ժողովրդավարությունը ձևական բնույթ չի կրելու: Սա ընդամենը հերթական ֆարսն էր: Հայաստանի Հանրապետությունում ամենուր ոտնահարվում են մարդու իրավունքները, բնական է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող կուսակցությունը նրա հիմնական թիրախներից մեկն է դարձել”,– ասվում է հայտարարությունում:




Լրահոս