ՄԱՆՐԱՄԵԾԱԾԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն ասել է, թե ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ստիպել է մի շարք գործարարների պարզապես գնել  քաղաքական կուսակցությունները. «Քոչարյանը փորձ արեց այդպես Դաշնակցությունը վաճառել «Գրանդ Քենդիի» Վարդանյաններին»,-հայտարարել է Ասատրյանը` նշելով, որ ՀՅԴ-ն  կարողացավ դա հաղթահարել, իսկ ահա Ռամկավար ազատական կուսակցությունը` ոչ: Նախկին պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Քոչարյանի պատկերացումը ներքաղաքական կյանքի մասին այն էր, որ  այդ գործարարները սեփականաշնորհեն ուժեղ կուսակցությունները, որպեսզի ինքը կարողանա նրանց միջոցով  թելադրել բոլորին:  Չվիճարկելով ԿԲ նախագահի այս դիտարկման ճշմարտացիությունը, նկատենք, որ  Քոչարյանի դեպքում գոնե  փորձ էր արվում թեկուզ ձեւականորեն պահել քաղաքական ներկապնակի  բազմերանգությունը, թեեւ դաշտում տեսանելի  քաղաքական բազմաթիվ կուսակցությունների իրական  դեմքը, կամ ավելի ճիշտ` անդիմությունը,  ժամանակ առ ժամանակ  բացահայտվում էր այն ժամանակվա պաշտպանության նախարար եւ «գորշ կարդինալ» Սերժ Սարգսյանի կողմից` «իրենց հաճախորդներին լավ ճանաչելու» մասին հայտարարություններով: Սակայն գալով իշխանության` Սերժ Սարգսյանը որոշեց վերջնականապես դիմակազերծել իր «հաճախորդներին»` շատերի կարծիքով նրանց ծառայություններն այլեւս պիտանի չհամարելով: Սա, իհարկե, մի կողմից բավական դրական քայլ էր` հանրության որոշ հատվածներին մոլորությունից հանելու առումով, սակայն մյուս կողմից` դա որոշակիորեն աղքատացրեց քաղաքական դաշտը: Համաձայնեք, Սերժ Սարգսյանը բավական դաժան վարվեց ՀՀ քաղաքացիների հետ` նրանց զրկելով Արտաշես Գեղամյանի` ազգը փրկելու  բոցաշունչ ճառերն  ըմբոշխնելու հնարավորությունից: Պակաս անփոխարինելի չէր նաեւ Արթուր Բաղդասարյանի  պոպուլիստական  ելույթների բացակայությունը: Իր այս քայլով Ս. Սարգսյանը, կարելի է ասել, ողջ ընդդիմադիր լսարանին զրկեց այլընտրանքից`  ուղղորդելով դեպի ՀԱԿ: Եվ եթե 2008թ-ին ՕԵԿ-ի կամ «Ազգային միաբանության» աջակցությունը կարող էր վճռորոշ նշանակություն ունենալ Սերժ Սարգսյանի համար, ապա ներկայումս իրավիճակն այլ է, հետեւաբար կարիք չկա ավելորդ շռայլությունների` ի դեմս  տարբեր  կուսակցությունների իմիտացիոն քաղաքական գործունեության: Ու հիմա ավելի հարմար է ոչ թե կոնկրետ գործարարների հանձնարարել գնալ այդ կուսակցություններ ու գնել դրանք, այլ անել ճիշտ հակառակը` այդ կուսակցությունների ղեկավարներին հրավիրել ՀՀԿ ու  մանդատները վաճառել: Ինչը եւ անում է Ս. Սարգսյանը` ՀՀԿ ցուցակում խցկելով Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին եւ այլոց:  Այսինքն՝ Սարգսյանը գերադասում է հաճախորդներին իր մոտ հրավիրելու հին ու փորձված մեթոդը: Իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա  Ա. Բաղդասարյանին կթողնեն  ինքնուրույն կազմակերպել քաղաքական առեւտուրը` չհաջողելու դեպքում երաշխավորելով ԱԱԽՔ-ի կարգավիճակի անձեռնմխելիությունը:




Լրահոս