ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում բավականին հետաքրքիր արտաքին քաղաքական առանձնահատկություններ է ուրվագծում: Նախ՝ դեսպանի նշանակման համաձայնությունը, այսպես կոչված, ագրեմանը, ԱՄՆ կառավարությունը տրամադրեց գործնականում ընդունված ժամկետներից աննախադեպ արագ: Այնուհետեւ, դրանից բառացի մեկ օր անց ՀՀ նախագահի հրամանագրով՝ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ նշանակվում է դեսպանի պաշտոնում եւ կրկին բացառության կարգով նրան միաժամանակ շնորհվում է դիվանագիտական ամենաբարձր դասային աստիճանը: Ավելին՝ իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ամերիկյան կողմը խնդրել է, որ Տիգրան Սարգսյանը հնարավորինս սեղմ ժամկետներում մեկնի ԱՄՆ եւ հնարավորինս շուտ ստանձնի դեսպանի պաշտոնը: Բացի այդ, ամերիկյան կողմի խնդրանքով, Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ եւ արդեն իսկ հանդիպումների խիստ հագեցած ծրագիր ունի ԱՄՆ բարձրագույն իշխանությունների հետ: Հիշեցնենք, որ 2012թ.-ին Տիգրան Սարգսյանը բավականին ջերմ ընդունելության էր արժանացել ԱՄՆ-ում: Այցի ընթացքում նրան ընդունել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը՝ այդպիսով խախտելով արարողակարգային բոլոր կանոնները, քանի որ, ըստ այդ կանոնների՝ ԱՄՆ փոխնախագահները հանդիպում են բացառապես պետությունների ղեկավարների հետ: Ավելին, Բայդենը Սարգսյանին ընդունել էր ոչ թե իր ընդունելությունների տանը, այլ հենց Սպիտակ Տանը, ինչն արվում է բացառապես հյուրի կարեւորությունը նշելու համար: Նշենք նաեւ, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ, կենսաթոշակների պարտադիր կուտակայինի բաղադրիչին ամենաջերմ աջակցությունն էր ցուցաբերում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ ԱՄՆ կառավարության անունից:

 

ՀԵՐՔԵԼՈՎ ԱԶԱՏԵՑ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս կադրային ուշագրավ փոփոխություն է կատարել. Գրիգոր Մուրադյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Արսեն Մկրտչյանը: Թեեւ Աբրահամյանի որոշման մեջ պաշտոնանկության հիմք նշված է աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումը, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրներն այլ բան են պնդում: Ժամանակին մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ նրա տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարաբերությունները, վերջինիս արհամարհական, մեծամիտ պահվածքի պատճառով, լարված են, ու թեեւ Հ.Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը, սակայն մեր տեղեկություններով՝ լարվածությունը հասել է «դիվանբաշուն» եւ հարցին լուծում է տրվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի օգնությամբ, ով եւս «ատամ է ունեցել» Մուրադյանի վրա, երբ վերջինս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վիրավորել էր պատգամավորներին ու Հարությունյանին՝ նրա հետ լեզվակռվի բռնվելով:




Լրահոս