ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղը շատ մոտ է Ադրբեջանի Թովուզի շրջանի Այլիբեյլի գյուղին: 639 բնակիչ ունեցող Այգեպարը հաճախ է գնդակոծության ենթարկվում ադրբեջանական զինուժի կողմից: Ազերիները թիրախ են ընտրում գյուղի տները, մանկապարտեզը: Այս տարվա ապրիլի 14-ին տեղի ունեցած գնդակոծության ժամանակ խոշոր տրամաչափի գնդացիրների 3 գնդակ պայթել էր մանկապարտեզի շենքի միջանցքում, այնտեղ ավերածություններ արել:

Նախադպրոցական հաստատության շենքը նորոգվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցներով էլ հագեցվել է գույքով: Այգեպարի մանկապարտեզում գործում է մեկ խումբ, մանկապարտեզ է հաճախում 23 երեխա: Նախադպրոցական հաստատությունն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանելու համար գյուղապետարանը ծրագրել է պատ կառուցել:
Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե երբ եւ ինչ միջոցներով է կառուցվելու այդ պատը: Համայնքապետն ասաց, որ իրենք այդ հարցով դիմել են Կարմիր Խաչի միջազգային ընկերությանը, կազմվել է էսքիզ, սակայն պատի շինարարության ֆինանսավորում դեռեւս չի կատարվել: Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին պատի կառուցման խնդրով «Ժողովուրդ»-ը հարց էր ուղղել Այգեպար այցելած Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վայնրախին: Վերջինս ասել էր, որ գյուղապետ Այդինյանի հետ այդ հարցը քննարկել է եւ իրենք հույս ունեն, որ առաջիկայում կլուծվի պատի կառուցման ֆինանսավորման հարցը: Ավելի քան կես տարի է անցել, սակայն հարցը չի լուծվել, եւ այգեպարցի մանուկների կյանքը նախկինի նման վտանգված է:
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ հունիսի 27-ին այցելել է Բերդի տարածաշրջան, այդ թվում՝ Այգեպար: Այնտեղ քննարկվել է նաեւ մանկապարտեզի անվտանգության եւ պաշտպանիչ պատի կառուցման հարցը: Անդրանիկ Այդինյանն ասաց, որ առաջիկայում Երեւանից մասնագետներ կժամանեն սահմանամերձ Այգեպար` տեղում ուսումնասիրություններ կատարելու: Գյուղապետն առայժմ տեղյակ չէ, թե երբ եւ ինչ միջոցներով կկառուցվի մանկապարտեզը պաշտպանող պատը: Իսկ հարցին՝ արդյոք հաշվարկել են վերջին՝ հունիսի 27-ին տեղի ունեցած գնդակոծության վնասները, համայնքապետը պատասխանեց, որ վնասների չափերը դեռ ճշտվում են: Նրա տեղեկացմամբ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարգադրել է Բերդի տարածաշրջանի Տավուշի համայնքապետարանում եւ այդ գյուղի դպրոցում պահեստավորված ապակու քանակությունից հատկացում կատարել ադրբեջանական գնդակոծությունից Այգեպարում ջարդված պատուհաններն ապակեպատելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս