ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը՝ «Քառյակը», մշակել և ՀԾԿՀ-ին էր ներկայացրել էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու մի քանի ուղիներ:
1. Ֆինանսական ճեղքվածքը օրենքով 3 տարվա ընթացքում մեկ երրորդ հարաբերակցությամբ փակի պետությունը, այսինքն` այդ ֆինանսական ճեղքվածքի 30 տոկոսը պետք է պետությունն իր վրա վերցնի, դա մոտավորապես կազմում է 5,5 միլիարդ դրամ:
2. Ամորտիզացիան/ մաշվածքը/ և շահույթը պետք է վերանայել, որը ևս պետության վերահսկողության ներքո պետք է լինի:
3. Շահույթի նորմայի իջեցում, որովհետև շատ արտադրող կայաններում կա շատ բարձր շահութաբերություն: Դա պետք է վերանայել:
4. Կորուստները պետք է նվազեցնել, միայն 3-4 տոկոսով նվազեցումը կարող է հանգեցնել իրավիճակի մեղմացմանը:
5. Կարգ ու կանոն հաստատել արտադրող կայաններ-ՀԷՑ արտադրահարաբերություններում: Պետության կարգավորիչ դերն այստեղ շատ անարդյունավետ է եղել մինչ այժմ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր պետք է պատասխաներ քառյակին, սակայն ծառայության մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռևս ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չորս ուժերի կողմից չեն ստացել: Նա նշեց, որ միայն պաշտոնական փաստաթղթի դեպքում կկարողանան ընթացք տալ և պատասխանել: