ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՈՆԴԱՐՉՈՒԿԸ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ

Ռուս անվանի ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկը «Warner Bros» կինոստուդիայի համար կնկարահանի «Ոդիսեւս»-ը:
Համագործակցության առաջարկը եղել է «Warner Bros»-ի կողմից: Ֆիլմը նկարահանվելու է Հոմերոսի հայտնի պոեմի մոտիվներով:
Նշվում է, որ ռեժիսորը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում եւ Չինաստանում, որոնք մեծ շուկաներ են համարվում կինոարտադրանքի համար:
Բոնդարչուկի «Ստալինգրադ»-ը համարվում է ամենաեկամտաբեր ռուսաստանյան ֆիլմը: 1 մլրդ ռուբլի բյուջեով ֆիլմը վարձույթի առաջին վեց շաբաթներին 1,66 մլրդ ռուբլի էր բերել:

170 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՃՈՒՐԴՈՒՄ

Christie՚s աճուրդի տանը կայացած ժամանակակից արվեստի նմուշների վաճառքի ժամանակ ռեկորդներ են սահմանվել։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, չորս արվեստագետների՝ Փիթեր Դոյգի, Ժան Դյուբուֆենի, Միքելանջելո Պիստոլետոյի եւ Թրեյսի Էմինի աշխատանքներին:
Թրեյսի Էմինի «Իմ մահճակալը» ինստալյացիան վաճառվել է 4,3 մլն ԱՄՆ դոլարով:
Իտալացի արվեստագետ Պիստոլետոյի «Սիրահարները» կտավի համար վճարվել է 3,9 միլիոն դոլար։
Մոգական ռեալիզմի ուղղության ներկայացուցիչ Դոյգի «Իջեւանատուն» նկարը վաճառվել է 16,9 մլն դոլարով, իսկ Ֆրանսիացի նկարիչ եւ քանդակագործ Ժան Դյուբուֆեի «Ուրախ գիտություն» կտավը գնորդին արժեցել է 6,8 մլն դոլար:
Ընդհանուր աճուրդից ստացվել է 170 մլն դոլարի եկամուտ: Ամենաթանկ վաճառված նմուշը դարձել է Ֆրենսիս Բեքոնի «Լուսիեն Ֆրեյդի գլխի էսքիզը», որը վաճառվել է 19,6 մլն դոլարով:

ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ

Հուլիսի 2-10-ը Կորեայում կանցկացվի «Կովկասյան մշակութային փառատոն», որի շրջանակներում ելույթ կունենան Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, Էթնո ջազ խումբը, իսկ Արարատ Սարգսյանը կանցկացնի «Թղթի պատրաստում եւ տառերի ու պատկերների դաջում հնագույն եղանակով» վարպետության դասերը:
Փառատոնի օրերին նախատեսվում է նաեւ ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը:

ՇԱԿԻՐԱՆ ԿԵՐԳԻ ԱԱ 2014-Ի ՓԱԿՄԱՆԸ

Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան կմասնակցի Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը՝ կատարելով իր «La-La-La» հիթը:
Փոփ աստղի հետ սիրված երգը կկատարի նաեւ Կառլոս Բրաունը։
«Ես անչափ հուզված եմ այն փաստով, որ պետք է ելույթ ունենամ փակման արարողությանը։ Հայտնի պատճառներով ես սերտ կապերի մեջ եմ ֆուտբոլի հետ ու քաջ գիտակցում եմ, թե մարզական նման միջոցառումն ինչ նշանակություն ունի մարդկանց համար»,-ասել է Շակիրան, ով հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի կինն է։
Աշխարհի առաջնության փակումը տեղի կունենա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։

ՀԵՏՄԱՀՈՒ՝ 30 ՄԻԼԻՈՆ

Երաժիշտ Լու Ռիդի կարողությունը մահվանից հետո աճել է 20,4 միլիոն դոլարով եւ կազմել է 30 միլիոն դոլար:
Մասնագետները կարծում են, որ այդ փողերը հաջողվել է ստանալ Ռիդի ստեղծագործությունների հեղինակային իրավունքները վերահսկելու շնորհիվ: Ժառանգության առաջնահերթ իրավունքը, համաձայն Ռիդի կտակի՝ պատկանում է նրա կնոջը՝ Լորի Անդերսոնին, ով հավաքված գումարից կստանա 15 միլիոն դոլար:
Եվս 5 միլիոն դոլար կստանա երաժշտի քույրը՝ Մարգարեթ Ռիդ Վեյները, ում Ռիդը թողել էր 500 հազար դոլար իրենց մոր մասին հոգ տանելու համար:
Հիշեցնենք, որ ամերիկացի երաժիշտը՝ «The Velvet Underground» ռոք խմբի հիմնադիրներից մեկը, մահացել է անցած տարի` 71 տարեկան հասակում:




Լրահոս