Թամամյանի գործով նիստը կրկին հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը: Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, որի միջնորդությամբ նախորդ դատական նիստը հետաձգվել էր պաշտպանին փոխելու համար, այսօր մտափոխվել էր: Այսօրվա նիստում ամբաստանյալը դատարանին հայտնեց, որ չի ցանկանում իր պաշտպանին փոխարինել փաստաբան Հայկ Ալումյանով, այնպես որ, Արմեն Պողոսյանին դատարանում կշարունակի պաշտպանել Արայիկ Ալվանդյանը: Սակայն Ալվանդյանն էլ իր հերթին դատարանին միջնորդություն ներկայացրեց իրեն մեկ աշխատանքային օր տրամադրելու` դիրքորոշումները վերջնականապես հստակեցնելու համար: Ամբաստանյալ Վահան Խանզադյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը և Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը չառարկեցին միջնորդությանը, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը, չառարկելով հանդերձ, հիշեցրեց, որ իրականում դատարանի դահլիճում այսօր որևէ նոր հայտարարություն չէր արվել, և պաշտպանը քրեական գործի նյութերին լիովին ծանոթ է: Դատախազը նաև միջնորդեց դատարանին՝ քրեական գործի նյութերին կցել այս ընթացքում Թամամյանի գործին առնչվող ևս երկու այլ դատարաններում քննված գործերով կայացված վճիռները: Դատավոր Արտակ Վարդանյանը, կողմերի համաձայնությամբ, որոշեց հետաձգել դատական նիստը մինչև մարտի 15-ը՝ ժամը 15.30-ը:




Լրահոս