Իշխանությունն ասում է՝ վե՛ր կաց ու գնա՛

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը կարևոր անելիք ունի: Ինչպես արդեն հայտարարվել է, Նիդեռլանդների կառավարությունը 124 հազար եվրո է տրամադրելու այս կառույցին՝ իր երկրից արտաքսվող հայաստանցիներին աջակցելու նպատակով:

Հոլանդիան չի ուզում վիրավորել հայ միգրանտներին, և այն, ինչը չկարողացան անել ՀՀ իշխանությունները, եվրոպական երկրներն են նախաձեռնել: Հետդարձի ուղին բռնած հայաստանցիները, պարզ է, հեռուներում էին հայտնվել հայրենիքում արհամարհված լինելու և վաստակել չկարողանալու պատճառով: Եվ առանց մանրամասների էլ երևում  է, որ Հոլանդիայում նրանք վաստակել են, բայց թղթերը կարգին չեն եղել…Եվ հայրենիքից լքված, հայրենիքը լքած մարդը հիմա դարձյալ հայտնվել է նույն կոտրած տաշտակի առջև: Հոլանդացիների 1000 եվրոն նա 1-2 ամսում կծախսի, ու եվրոպական հուշերը նրան մագնիսի նման դարձյալ կգայթակղեն, այսինքն՝ հացի ու արժանապատվության խնդիրը հայրենիքում նրա համար կշարունակվի մնալ չլուծված, ինչպես նախկինում:

Իսկ ի՞նչ է ասում և ասելու Գագիկ Եգանյանը, Միգրացիոն  ծառայությունը, կամ, որ նույնն է, մեր երկրի իշխանությունը: Կանխատեսելի է: Հույս տալով՝ հայտարարելու են՝ մի քիչ էլ համբերե՛ք, և Ռուսաստանը լայնորեն կբացի դռները, ու բոլորդ էլ հնարավորություն կունենաք աշխատելու ու տաջիկների հացը կիսելու: Այսինքն՝ իշխանությունն ինքն է քաղաքացուն ասում՝ վե՛ր կաց ու գնա՛ քո երկրից, ես առաջարկելու ոչինչ չունեմ : Գագիկ Եգանյանն էլ ամփոփում է, թե իր ռուս գործընկերների հետ այս ուղղությամբ հնարավորն է արվել:

Իսկ տվյալ դեպքում Նիդեռլանդների կառավարության դրամաշնորհը որքան էլ ցանկալի համարվի, միևնույն է, նպատակին չի ծառայելու, քանի որ մեր իշխանությունն իր քաղաքացուն տեղում առաջարկելու ոչինչ չունի, ուր մնաց՝ Նիդեռլանդների բնակիչների խնդիրները հոգա:

Դավիթ Վանեսյան




Լրահոս