ԱՄՆ-ում առողջ բանավեճը կառավարման հիմնասյունն է, ՀՀ-ում՝ սպառնալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգներում, ինչպես եւ աշխարհի բոլոր պետություններում, նոր նախագահի ընտրվելուց հետո սկսվել է պաշտոնների վերաբաշխման գործընթացը: Բնականաբար, ԱՄՆ-ում կառավարության բարձրագույն ներկայացուցիչների նշանակումը ոչ միայն ամերիկյան հասարակության, այլեւ ողջ աշխարհի մտահոգության առարկան է` հաշվի առնելով այս պետության աշխարհաքաղաքական անվիճելի դերակատարությունը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության թերեւս կարեւորագույն պաշտոնները նախագահից ու փոխնախագահից հետո նախագահի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր եւ ազգային անվտանգության գծով խորհրդականների, պետական ու պաշտպանության քարտուղարների պաշտոններն են: Արդեն հայտնի է, որ Թրամփի աշխատակազմը ղեկավարելու է Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահ Ռեյնս Փրայբուսը, իսկ գլխավոր խորհրդականն է լինելու Սթիվ Բենոնը: Միացյալ Նահանգների պետքարտուղարի կարեւորագույն պաշտոնի հավակնորդների հարցում նորընտիր նախագահ Թրամփը դեռեւս չի կարողանում կողմնորոշվել:

Քննարկվում են մի շարք գործիչների թեկնածություններ, որոնք թե՛ ԱՄՆ-ում, թե՛ աշխարհում հակասական տրամադրություններ են առաջացնում: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռ. Ջուլիանիի ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջ. Բոլտոնի անունների կողքին է հայտնվել նաեւ Հվ. Կառոլինայի նահանգապետ Նիկկի Հեյլին, որը քարոզարշավի ժամանակ սատարում էր նորընտիր նախագահի հակառակորդներին, ինչպես նաեւ Թրամփին համարում նախագահությանը անհամապատասխան գործիչ: Ինչեւէ: Հեյլին արդեն իսկ հանդիպել է Թրամփին` քաղաքական վերլուծաբաններին ստիպելով ակտիվորեն քննարկել իր թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար:

Դոնալդ Թրամփը օրերս մեկ այլ կարեւոր նշանակում կատարեց` ազդարարելով, որ ազգային անվտանգության գծով իր գլխավոր խորհրդականն է լինելու պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը: Վերջինս ԱՄՆ-ում հայտնի է որպես ահաբեկչության դեմ անխոնջ պայքարի կողմնակից` հատկապես 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո իր զբաղեցրած դիրքով եւ քաղաքական-ռազմական ծրագրերով: Հետագայում Ֆլինը հեռացավ պաշտպանության բնագավառից, սակայն շարունակում էր քաղաքական մեկնաբանություններն ու գնահատականները ԱՄՆ-ի արտաքին-ռազմական դոկտրինների շուրջ: 2015թ. նա այցելել էր Russia Today լրատվականի Մոսկվայում կազմակերպած միջոցառմանը եւ տեղ գրավել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին: Նրա այդ քայլը արժանացել էր ամերիկյան ԶԼՄ-ների կատաղի քննադատությանը, որն էլ ավելի էր բորբոքվել Դոնալդ Թրամփին սատարելու մասին Ֆլինի հրապարակային հայտարարությունից հետո: Այսօր ամերիկյան վերլուծաբանները հակված են կարծելու, որ Ֆլինի նշանակմամբ Թրամփը ազդարարում է ահաբեկչության դեմ պայքարի նոր շրջափուլի մեկնարկն ու ՌԴ-ի հետ համագործակցության պատրաստակամությունը:

Հարկ է նկատել, որ ինչպես Միացյալ Նահանգների պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում, այստեղ նույնպես գործում է հակակշիռների ու զսպումների լավագույն մեխանիզմը: Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը յուրօրինակ հակակշիռ է ԱՄՆ պետքարտուղարի համար: Այս երկրում արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշելիս եւ մարտահրավերներին արձագանքելիս նախագահը հավասարապես հաշվի է նստում պետքարտուղարի եւ ազգային անվտանգության գծով իր խորհրդականի կարծիքների հետ: Հետաքրքիր է, որ վերջիններս գրեթե միշտ ներկայացնում են լիովին տարբեր քաղաքական ուղղություններ, եւ նրանց տեսլականը հիմնականում հակադրվում է: Եվ այստեղ է, որ բարձրանում է Միացյալ Նահանգների կառավարման համակարգի արդյունավետության հարցը: Պետության ստեղծման օրերին հիմնադիր հայրերը շեշտում էին առողջ բանավեճի ու դրանից ծնված ճշմարտության պաշտպանության նշանակությունը: Եվ ահա ոսկե միջինի ձեւակերպման ու պետության կառավարման ոլորտում դրա լավագույն կիրառման ճանապարհով էլ երաշխավորվում էր որակյալ իշխանավարությունը:

Այսպիսով` նախագահը բացառիկ հնարավորությամբ է օժտված` համադրելու երկու հակադիր տեսակետները եւ ողջամիտ որոշում կայացնելու: Կարծես թե արդեն տեսանելի է դառնում, որ ԱՄՆ նոր նախագահը հակակշիռների պրագմատիզմով է առաջնորդվում, եւ կարելի է ակնկալել, որ ԱՄՆ պետքարտուղար կնշանակվի առաջին հերթին Ռուսաստանի հանդեպ լրջագույն վերապահումներ ունեցող գործիչ, ինչպիսին կարող են լինել մասնավորապես վերոնշյալ Հեյլին ու Բոլտոնը:
Մեր երկրում նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդականի հատուկ պաշտոն, որ հավասար կլինի ՀՀ ԱԳ նախարարի պետա-քաղաքական ազդեցությանը, գոյություն չունի:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության գծով խորհրդականը Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էր` նշանակված 1991թ. նոյեմբերին: Մանուչարյանը Տեր-Պետրոսյանի եւ վերջինիս ազդեցիկ նախարարներից Վանո Սիրադեղյանի հետ ունեցած տարաձայնությունների հետեւանքով 1993թ. հրաժարական տվեց եւ սկսեց հանդես գալ արմատական ընդդիմադիր դիրքերից: Մանուչարյանից հետո ազգային անվտանգության գծով նախագահի՝ նման ազդեցիկ խորհրդական Հայաստանում չի եղել: Որոշակիորեն նման բացառություն կարելի է համարել Գառնիկ Իսագուլյանին, որը 2004-2009թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը` ազգային անվտանգության հարցերով:

Սակայն եթե Մանուչարյանը «Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականն» էր, ապա նրանից հետո պաշտոնի ազդեցությունը լրջագույնս նեղացվել էր` դառնալով «ՀՀ նախագահի խորհրդական` ազգային անվտանգության հարցերով»: Արդեն Սերժ Սարգսյանի օրոք խորհրդականների հաստիքները մեծ մասամբ դարձան «թոշակառուների» պաշտոններ, երբ Սարգսյանը չէր ցանկանում իրեն հավատարիմ կադրերին դուրս թողնել ազդեցության ոլորտից, ինչպես, օրինակ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի պարագաներում:

Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնի բացակայությունը հուշում է, որ իշխանության հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում գաղափարական բազմազանություն գոյություն չունի: Իսկապես, ինչո՞ւ պիտի մեկ գիշերվա մեջ ԵՏՄ մտնելու միանձնյա որոշում կայացրած Սերժ Սարգսյանի համար նախընտրելի լինի սեփական կարծիքից տարբերվող ու ինքնուրույն տեսակետ ունեցողների բազմազանությունը:

Ն. Հովսեփյան




Լրահոս