Խիստ նախազգուշացում՝ անիրական զեղչեր գովազդելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 9-ին տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում կայացվել են որոշումներ մի քանի վարչական վարույթների վերաբերյալ:

Հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես վերջինների վարած զեղչային քաղաքականության ուղղությամբ: ՏՄՊՊՀ հերթական դիտանցումների արդյունքում բացահայտվել են մի քանի ընկերություններ, որոնք անիրական կամ կեղծ զեղչերի միջոցով փորձել են մոլորեցնել սպառողներին:

Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել «ԱՎԲ Գրուպ», «Գրետա Սահակյան» ԱՁ, «Նինա Զարդարյան» ԱՁ, «Սանտեխնիկա-96» ընկերություններում:

Վերջինները գովազդել են, որ իրենց խանութներում հագուստի եւ սանտեխնիկայի վաճառքն իրականացվում է ինքնարժեքով, կամ մեծ զեղչերով: Սակայն ՏՄՊՊՀ դիտանցումներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները ինքնարժեքով վաճառք չեն իրականացրել, իսկ զեղչերն էլ եղել են խիստ սահմանափակ թվով հագուստի տեսականու համար:

Համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչն առկա է տվյալ դեպքում:

Նկատի ունենալով, որ խախտում թույլ տված ընկերությունները փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, որոնց շրջանառության ծավալները փոքր են, բացի այդ շուկային եւ սպառողների շահերին հասցված վնասը մեծ չէ, ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվեց վերոնշյալ 4 ընկերություններին տալ խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Հանձնաժողովը շարունակում է դիտանցումները այս ուղղությամբ. նկատի ունենալով ամառային ամիսներին տեղի ունեցող մեծածավալ զեղչերը, առավել խիստ վերահսկողություն կսահմանվի խանութների զեղչային քաղաքականության նկատմամբ:




Լրահոս