ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՌԱՑԱՆ` ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համամասնական ընտրակարգի վերաբերյալ դժգոհությունները Հայ ազգային կոնգրեսում հանգեցրել են պառակտումների: Երեկ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը հայտարարեց իրենց կառույցի՝ Կոնգրեսի քաղխորհրդից դուրս գալու մասին:
Իրենց քայլը Հարությունյանը մեկնաբանել է այսպես. «Կոնկրետ մենք, եւ ինձ հայտնի է նաեւ, որ մյուսները, հրաժարվել են ընդգրկվել ընտրական դաշինքում գլխավորապես Կոնգրեսի ռազմավարության եւ մարտավարության հետ կապված լուրջ տարաձայնությունների պատճառով, ինչպես նաեւ Կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման սկզբունքի հետ կապված տարաձայնությունների պատճառով»: Հարությունյանի խոսքերով` համամասնական ընտրացուցակի կազմման սկզբունքը պետք է ընդուներ քաղխորհուրդը, այլ ոչ թե դա պատվիրակվեր Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Երբ որ ինձ դեմ տվեցին, որպեսզի ստորագրեմ, թե մենք` Կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերս, պատվիրակում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին` կազմելու Կոնգրեսի համամասնական ցուցակը, ես անձամբ վիրավորված ինձ զգացի»,-հայտարարել է նա: Ավելին, որոշ մանրամասներ է բացահայտել Կոնգրեսի ներքին խոհանոցից: Ըստ Հարությունյանի` վերջին 35-40 օրերի ընթացքում բուռն քննարկումներ են եղել թե՛ ռազմավարության, թե՛ նաեւ ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման սկզբունքի վերաբերյալ: «Մեր մտքերի շուրջ, թե՛ ռազմավարության, թե՛ ցուցակի հետ կապված, 13 ուժերով եկել էինք փոխհամաձայնեցված տարբերակի, մինչդեռ, ցավոք, ՀՀՇ-ի եւ նրան աջակցող 4 ուժերի կողմից վիժեցվեց»,-ասաց նա՝ հավելելով, թե 13 ուժերի առաջարկը եղել է համամասնական ցուցակի առաջատար տասնյակը կազմել 6 կուսակցականներ եւ 4 անկուսակցական արժանավորներ սկզբունքով, որը մերժվել է: Իսկ նախաձեռնությունը վիժեցրած 4 ուժերը, ըստ նրա, ՀԺԿ, «Հանրապետություն», ՍԴՀԿ եւ Հայաստանի լիբերալ կուսակցություններն են:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի կազմում ընտրություններին մասնակցելուց հրաժարված մյուս կուսակցություններին, ապա Սոս Գիմիշյանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը, Վաղարշակ Հարությունյանի «Ազգային համաձայնություն»-ը, Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք եւ պատիվ»-ը դեռեւս չեն հայտարարել ՀԱԿ-ը լքելու մասին: Վաղարշակ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ շարունակո՞ւմ եք մնալ Կոնգրեսում, հստակ պատասխան չտվեց: «Ես որեւէ մեկնաբանություն չեմ տալիս», ասաց նա: Իսկ Գառնիկ Մարգարյանը, ով խոստացել էր երեկ՝ երեկոյան, խոսել մեզ հետ, անջատել էր հեռախոսը:  
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ համամասնական ընտրացուցակի կազմման ընթացքում 13 կուսակցությունների կողմից եղել են առաջարկներ, որոնք, սակայն, հետո մերժվել է: Տիկին Սարգսյանի խոսքերով՝ իրենք առաջարկել են ցուցակի առաջատար տասնյակը կազմել 5 կուսակցական, 5 անկուսակցական սկզբունքով: «Կարծում եմ, որ դա ճիշտ տարբերակը կլիներ, եւ ուրախ կլինեի, եթե այդ տարբերակի շուրջ կարողանայինք հասնել կոնսենսուսի: Կարող եմ ասել նաեւ հետեւյալը՝ եթե 6/4 տարբերակով կոնսենսուսի հնարավորություն լիներ, մենք չէինք պնդի 5/5 տարբերակը»,-ասաց նա: ՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության քայլը որեւէ ազդեցություն չի ունենա Հայ ազգային կոնգրեսի վարկանիշի վրա: «Չմոռանանք, որ նա Ժիրայր Սէֆիլյանի «մարդն է», եւ մարդ-կուսակցությունները կամ մարդ-նախաձեռնությունները նման քայլերով իրենք իրենց են վնասում»,-նշեց նա:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով` «դա Սամվել Հարությունյանի որոշումն է, եւ այն չի կարող որեւէ էական ազդեցություն ունենալ մեր գործի վրա»: Անդրադառնալով Հարությունյանի հայտարարություններին, թե ինքը համաձայն չի եղել ՀԱԿ մարտավարությանը, Մուսինյանը հիշեցրեց. «Այդ նույն մարտավարության վերաբերյալ որոշումն ընդունվել է ՀԱԿ քաղխորհրդում հունվարի 30-ին, այն է՝ նախընտրական դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին ու ծառայեցնել ընտրությունները Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար: Կոնգրեսի այս որոշմանը մասնակից է եղել պարոն Հարությունյանը»: Ինչ վերաբերում է համամասնական ընտրացուցակը կազմելուն, ապա, ըստ նրա, քաղխորհրդում եւ միջկուսակցական խորհրդակցություններում քննարկվել են համամասնական ընտրացուցակի վերաբերյալ տարբեր առաջարկներ, բայց չի ձեւավորվել կոնսենսուս: Փոխարենը քաղխորհուրդը կոնսենսուսով համամասնական ընտրացուցակը կազմելու գործը պատվիրակել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Այսպիսով` ՀԱԿ-ից նեղացածները կամաց-կամաց սկսում են բարձրաձայնել իրենց դժգոհությունների մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս