Armlur.am-ը արդեն երկու օր է, ինչ տեղեկություն է հաղորդում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա խուճապային տրամադրությունների մասին: Քար անտարբերություն ցուցաբերող պետական գերատեսչությունները սկսել են կամաց-կամաց արթնանալ նիրհից և իրավիճակից բխող պաշտոնական պարզաբանումներ ներկայացնել հասարակությանը:
Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվել էր Սոթք գյուղի բնակիչ մի ընտանիքից, որի անդամները թունավորման ախտանիշներով երեկ դիմել էին Վարդենիսի հիվանդանոց: Նրանք հայտնել էին, որ կերել են ընդամենը վարունգ եւ լոլիկ: Այդտեղից առաջին հերթին կասկածներ էին առաջացել, որ բանջարեղենը լվացած ջուրն է թունավորված եղել: Իսկ ինչի՞ց կարող էր թունավորվել ջուրը: Ահա այստեղ մարդիկ համադրել են դիվերսիոն հարձակման մասին ստացած տեղեկությունը, համաձայն որի՝ ադրբեջանցի դիվերսանտներից մեկի մոտ ինչ-որ քանակությամբ թույն են հայտնաբերել, որը կարող էր լցրած լինել համայնքի ջրի մեջ: Ու թեեւ Վարդենիս մտնող աղբյուրները գալիս են Ակունք գյուղից, այնուամենայնիվ, մարդիկ երեկ վախենում էին ջուր օգտագործել. եռացնում էին այն: Վարդենիսի շատ վաճառակետերի աշխատակիցներ մեզ պատմեցին, որ երեկ ողջ օրվա ընթացքում խանութներում լայն սպառման ապրանքը դարձել էր շշալցված ջուրը: Սակայն որեւէ պետական գերատեսչություն հարկ չէր համարում արագ արձագանքել Վարդենիսում առկա իրավիճակին եւ ցրեր խուճապը:
Միայն հուլիսի 10-ի երեկոյան ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ հուլիսի 9-ին, ժամը 13:00-ի սահմաններում Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված 4 երեխան Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի նույն օջախից են` երկու եղբոր զավակներ։ Նրանցից երեքը 8 տարեկան են, մյուսը` 10։ Ի դեպ, զույգ քույրերը Աբովյան քաղաքից են և արդեն մեկ ամիս է, ինչ հյուրընկալվում են Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում` հորեղբոր տանը:
Հիվանդանոց ընդունվելիս երեխաներն ունեցել են փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, որովայնի ցավ, իսկ երկուսի մոտ գրանցվել է նաև ջերմություն` 38.30 և 37.40:
Երեխաները մանրամասն զննվել են, կատարվել են լաբորատոր–գործիքային հետազոտություններ: ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ հեռախոսային խորհրդատվության արդյունքում վերջինիս կողմից համապատասխան ցուցումներ են տրվել հիվանդների վարման վերաբերյալ: Նախնական ախտորոշումն է չճշտված ախտածագման գաստրոէնտերիտ: Կասկածվում է էնտերովիրուսային վարակ, որի նկատմամբ հետազոտությունները շարունակվում են:
Երեխաների վիճակը կայուն է` դրական դինամիկայով: Ներկայումս չեն ջերմում, սրտխառնոց և փսխումներ չկան: