«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ այցելել է «Նիկոլ Դուման» արտադրական ձուլարան, որտեղից ձեռք է բերվում քաղաքային կահավորումը՝ նստարաններ, աղբամաններ, լուսային հենասյուներ, ուղենշող ցուցանակներ:
Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ արդյոք թանկ չե՞ն նստարանները՝ դրանք արժեն 186 հազար դրամ: «Քաղաքապետարանը գնում է մրցույթով՝ 165 հազար դրամով, եւ ես բազմիցս հայտարարել եմ՝ գործընթացը կատարվում է գնումների մասին օերնքով, իսկ եթե կլինեն այնպիսի ընկերություններ, որոնք կարող են ավելի էժան տրամադրել մեզ, մենք միայն կողջունենք եւ շնորհակալություն կհայտնենք»,- պատասխանեց քաղաքապետը՝ հավելելով, որ այլ երկրների փորձը ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ անգամ հարեւան երկրից ձեռք բերելը կրկնակի թանկ է արժենում:
Քաղաքապետը նաեւ ընդգծեց, որ մայրաքաղաքում առաջիկայում կավելացվի աղբամանների թիվը: Արտադրամասում քաղապետարանին կահույք են նվիրել՝ ժամացույց, որը հետագայում կտեղադրվի համայնքներից մեկում:
«Ժամանակը» երեկ զրուցեց նաեւ ձուլարանի աշխատակիցների հետ: Նրանց մտահոգությունները կապված են աշխատավարձի եւ շոգի հետ: Այստեղ աշխատավարձերը հասնում են մինչեւ 160 հազար դրամի, այսինքն՝ մոտ այնքան, որքան արժե ընդամենը մեկ նստարանը։ Աշխատակիցները, սակայն, մեզ հետ զրույցում շեշտեցին, որ իրենց աշխատանքը չափազանց բարդ է, առողջության տեսանկյունից էլ՝ ռիսկային»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։