Մարմնական վնասվածք չեմ ստացել, միայն աչքերս են մռմռացել. ոստիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական քննությունը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Նիստի մեկնարկին նախագահողը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը հայտարարել էր, որ կան իրեր, որոնք չեն կարող իրեղեն ապացույց համարվել, ուստի՝ դատարանը որոշեց դրանք հետ կանչել այն պարագայում, երբ հաստատվի դրանց անհիմն լինելը:

Ապա մեղադրողն առաջարկեց հարցաքննությունը սկսել տուժող, ոստիկանության փոխգնադապետ Անդրանիկ Առաքելյանից:

«Ճանաչում եմ Շանթ Հարությունյանին ակցիաների ժամանակվանից: Նստացույց էր անցկացնում Ազատության հրապարակում: Նոյեմբերի 5-ին ծառայության էինք ներգրավվել Ազատության հրապարակում: Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստվում են ակցիա անել: Երթը մոտ 17:00-ի սահմաններում սկսվեց, դուրս եկան մոտ հարյուր հոգի: Ցանկանում էին ճանապարհի երթևեկելի հատվածը փակել»,- պատմեց Առաքելյանը:

Մեղադրողի հարցին՝ կոնկրետ գործողություններ տեսել է ամբաստանյալների կողմից իրականացված, տուժողն ասաց, որ իր ոտքերի տակ:

Ապա հարց հնչեցրեց Շանթ Հարությունյանը, թե տուժողը տեսե՞լ է` ինքը ում հետ մտավ: Տուժողն ասաց, որ չի հիշում, ինչին ի պատասխան՝ Շանթ Հարությունյանն ասաց, թե «հիշում եք, որ պայթեցրել ենք, չեք հիշում` ոնց եմ եկել: Չտեսա՞ք, որ Օսիպյանի հետ եմ գալիս»: «Հնարավոր է»,- ասաց տուժողը:

«Եթե ասեի Սերժի հետ եմ եկել, նորի՞ց պիտի ասեիք` հնարավոր է»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Վերջինիս պաշտպանը հարց ուղղեց Առաքելյանին, թե հաճախ էր նա այնտեղ ծառայություն իրականացնում, տուժողն ասաց, որ այդ ժամանակ էր գնացել, որպեսզի կարգ ու կանոն հաստատվի:

Ամբաստանյալ Վարդանյանի հարցին, թե որպես հրամանատար նա ինչ հրահանգներ է կատարել, ամբաստանյալն ասաց՝ կանխարգելիչ:

Պաշտպանական կողմի հարցին` որպես ոստիկանության ծառայող նա ի՞նչ է նկատել հրապարակում, օրինակ իրեր, որոնք կարող էին վնասել պետությանը: Տուժողը չմտաբերեց:

«Քիչ առաջ դուք ասացիք, որ ծխից ձեր աչքերը փակվել էին, կարողացել եք մարդկանց դեմքերը տեսնել: Նշված անձին տեսե՞լ եք: Ինչպես ստացվեց, որ կաշվե իրը մտաբերեցիք, իսկ թե ինչ իրեր են եղել նախապես, չեք հիշում»,- հարցրեց մեղադրողը:

«Լրատվամիջոցներից եմ լսել: Այնտեղից էլ իմացել եմ, որ Շանթ Հարությունյանը հեղափոխություն է պատրաստվում անել»,- պատասխանեց տուժող ոստիկանը:

«Ի՞նչ գործողություններ էր իրականացնում սպիտակ սպորտային համազգեստով քաղաքացին դեպքի օրը»,- հարցրեց պաշտպանը` միաժամանակ հայտարարելով, որ հարցը տալիս է այն պատճառով, որ սկզբում տուժողը հստակ նշել էր գործողությունները, ավելի ուշ ասել, թե չի հիշում:

Տուժողն ասաց, որ քաղաքացին քաշքշում էր, բղավում և ագրեսիվ վերաբերմունք դրսևորւոմ:

Պաշտպաններից մեկը հայտնեց, որ համոզվելու համար, թե տուժողի աչքերը մռմռացել են, հեռուստացույց է պետք, սակայն դատարանը պարզաբանեց, որ այս պահին դա հնարավոր չէ, ուստի պետք է տեսանյութի այդ հատվածներն առանձնացնել, հետո ցուցադրել:

Սակայն պաշտպանը նշեց, որ իրենց տեսած հատվածներում նման բան չկար:

Պաշտպան Արա Զաքարյանի հարցին` նկատե՞լ է արդյոք տուժողն այդ պահին գործողություններ, որոնք հակաօրինակ էին, կամ կվնասեին քաղաքացիներին, տուժող ոստիկանը պատասխանեց, որ խաթարվել էր երթևեկությունը:

«Մեր նպատակն էր հասրարական կարգի խախտումները վերացնելն ու երթևեկությունը կարգավորելը«,- ասաց տուժողը: Ապա պաշտպանը հարցրեց այդ ժամանակ բարձրախոսով հորդորներ հնչեցրել են կարգի հրավիրելու համար, տուժողն ասաց, թե դրա անհրաժեշտությունը չկար:

Շանթ Հարությունյանը հարցրեց, թե երբևէ տուժողը խրախուսանքներ կամ նկատողություններ ստացել է, Առաքելյանն ասաց, թե անձնական է, բայց միայն խրախուսանքներ է ստացել:

«150 քաղաքացիներն ունեն իրավունք անցնել այն մայթով, որը վտանգավոր չի լինի երթևեկության համար, դուք տեղյա՞կ եք եղել, որ պրովոկացիայից խուսափելու համար, մենք փոխել ենք ճանապարհը«,- հարցրեց Շանթ Հարությունյանը: Տուժողը բացասակա պատասխան տվեց:

Պաշտպանի հարցին, թե եթե տուժողը առաջնորդվել է Հանրահավաքների մասին օրենքով, ապա ինչու չի պահպանել օրենքի այն դրույթը, որի համաձայն խաղաղ երթերին ոստիկանը պետք է խրախուսի կամ աջակցի դրանց կատարումը, ոստիկանն ասաց, որ իրենք դա կատարել են, չեն խոչընդոտել կամ խանգարել, այլ ուղորդել են ցուցարարներին:

Ապա հարց հնչեց, թե ինչպես են մարդկանց կարգի բերել, տուժողն ասաց, որ բնական է այն երևույթը, որ հակադարձելու ժամանակ իրենք հրելով տեղափոխել են մայթ:

Ամբաստանյալի հարցին` «մեր տղաներից հակագազով մարդ եղե՞լ է», ոստիկանը պատասխանեց, թե չի հիշում:

Ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանի հարցին ինչն է տուժել, ոստիկանը պատասխանեց.

«Մարմնական վնասվածք չեմ ստացել, զգեստներս չեն պատռվել միայն աչքերս են մռմռացել»,- ասաց ոստիկանը, ինչը ծիծաղ առաջացրել դահլիճում:




Լրահոս