ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բաց նամակով անդրադարձել է Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարի ելույթին:
«Քաղաքական մասով Դուք դեռ առիթ կունենաք լսելու որոշակի մեկնաբանություններ: Բայց ահա տնտեսական մասով պարզապես ապշել էի: Մի՞թե այդպես են վերլուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, մի՞թե կարելի էր երկրի ղեկավարի տիտուլը կրող անձին նման «նյութ» մատուցել»,-գրել է նա: «Նշում եք, որ 2007-ին պետական բյուջեն կենսաթոշակայինի հետ 658 մլրդ դրամ էր: Հիմա այն 1043 մլրդ դրամ է (ըստ ԱԺ կողմից ընդունված 2012-ի բյուջեի նախագծի): Այսպիսի ձախողված կառավարում տեսե՞լ եք: Հարցնում եք: Էլի որ չենք տեսել: ՍԳԻ 2007-2011թթ. գումարային գնաճը կազմել է 37.1% (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ 420, http://www.armstat.am/file/doc/99469123.pdf): Եւս 5.5% գնաճ նախատեսել եք 2012-ին: Գումարային եղավ 44.7%: Հիմա 1043-ը 658-ից մեծ է 58.5%-ով: Բյուջեն պետության աշխատավարձն է: Ուրեմն այն աճել է 58.5%, իսկ գները` 44.7%: Ուրեմն Ձեր բյուջեն իրականում 5 տարում աճել է 13.8%-ով: Եւ սա բացարձակ ճշմարտություն է: Բա 5 տարում 13.8% բյուջե աճեցնելը գովալու բան է: Հարաբերական առումով ձեր վիճակը ընդհանրապես վիճակն չի: 2007-ի նշված 658 մլրդ դրամը եղել է 304.2 միջին փոխարժեքի դեպքում (http://www.cba.am/am/
SitePages/statdatabank.aspx): Այսինքն` խոսքը 2.16 մլրդ դոլարի մասին է: 2010-ի 1043 մլրդ դրամն այսօրվա փոխարժեքով (389.79 առ 10 մարտի 2011թ.) 2.67 մլրդ դոլար է: Այսինքն` 6 տարում ավելացել է 23.6 տոկոսով: 6 տարում դոլարի սղաճը կազմել է 28 տոկոս: Հիմա Ձեզ գովենք երկրի բյուջեն հարաբերականորեն կրճատելու համար: Բա խոսք էիք տվել 2 անգամ (100 տոկոսով) ավելացնել: Ոչինչ, որ Ադրբեջանի բյուջեն 5 տարում 2.5 անգամ է ավելացել, Վրաստանինը` ավելի քան 2 անգամ (դոլարային արտահայտությամբ), իսկ աշխարհինը` 1.4: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2006թ. 1982 դոլարից 2011-ին հասել 3174 դոլարի՝ ասում եք դուք: Նշում եք` «վերջին 5 տարիներին» միջին աշխատավարձը ավելացել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4 տոկոսով: Ներեցեք, այդ ո՞ր «վերջին 5 տարիների» մասին է խոսքը: 2007-ի նոյեմբերին միջին աշխատավարձը եղել է 80433 դրամ, իսկ 2011-ին եղել է 115265 դրամ: Հավելաճը կազմում է 43.3%: Այդ ընթացքում գներն աճել են (ձեր իսկ թվերով) 37.1%-ով: Հիմա 5 տարում աշխատողների իրական եկամուտներն աճել ոչ թե 40.4, այլ 6.2 տոկոսով: Գո՞հ եք: Բա ասում էիք 2 անգամ լա՞վ ենք ապրելու: Հիմա պարզ չի՞, որ ժողովուրդն ուզի-չուզի պիտի լքի այս երկիրը: Ձեր հաջորդ, սոցիալական ծախսերի վրա ես կանգ չեմ առնում: Մի քանի խորամանկ թիվ եք բերում` մատուցելով իբրեւ առաջընթաց: Միայն նշեմ, 2008-2010թթ. աշխատավարձերը զգալի չափով վճարվել են արտաքին պարտքի հաշվին: Եւ այդ փողը մենք դեռ ետ պիտի տանք: Ի վերջո, Ձեր ղեկավարած կուսակցությունը 2007-ին իբրեւ նպատակ էր դրել աղքատությունը 23%-ից իջեցնել 11.2%-ի: Ունենք 35%: Այդ ի՞նչ թվեր եք բերում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման վերաբերյալ: Եղբա՛յր, 2007-ին ՀՆԱ 1 տոկոսն էր, 2010-ին դարձել է 2 տոկոսը: Ուզում եմ նաեւ նշել, որ իմ «հակափաստարկները» բացառապես հիմնված են Ձեր կողմից նշած պաշտոնական վիճակագրության վրա: Մինչդեռ ես սրանց չեմ հավատում: Բազմիցս նշել եմ, որ հայկական վիճակագրական ծառայությունն ավելի շուտ քաղաքական խոտան է արտադրում, փուչիկ (այսօրվա վարչապետի խոսքերն են 2-րդ նախագահի հասցեին), քան թե մասնագիտական տեղեկատվություն: Ամիսներ առաջ հրապարակավ առաջարկեցի Ձեզ մեզ հետ միասին ստուգել, օրինակ, խաղողի արտադրության ծավալները: Անեիք էլի: Մի՞թե Ձեզ իրական պատկերն ամենեւին չի հետաքրքրում»,-գրել է Բագրատյանը:

Ա. Գ.




Լրահոս